«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությանը

21/03/2024

Ադրբեջանում Իրանի դեսպանը տեղական հեռուստաալիքներից մեկին տրված հարցազրույցում, կարծես թե մոռանալով Հայաստանի հետ խորը բարեկամության և համագործակցության անհերքելի փաստը, խիստ հակահայկական կարծիքներ է արտահայտել, որոնք առաջացնում են մեր հիասթափությունն ու դժգոհությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը․

«Դեսպանը, սատարելով Ադրբեջանի ծավալապաշտական հակումները և դրանց «իրավականությունը», հայերին մեղադրում է ինչ-որ հանցագործությունների մեջ ու անստույգ փաստարկներով փորձում հիմնավորել դրանց իրավացիությունը։ Սակայն վերջինս մոռանում է հիշատակել այն բոլոր հանցանքները, որոնք ադրբեջանական տարբեր վարչակարգեր իրագործել են Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ինչո՞ւ դեսպանը չի հիշատակում հակամարտության ակունքներում գտնվող այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի կոտորածները, որոնք ժամանակակից տերմինաբանությամբ և միջազգային իրավունքով ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանական ակտի բնույթին, ինչո՞ւ Իրանի դեսպանը չի հիշատակում այն անժխտելի փաստը, որ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքից ողջ հայությունը ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանության, իսկ դարերի խորքից ձևավորված հայկական մշակութային միջավայրը առ այսօր համակարգային կերպով ենթարկվում է խեղման, պղծման և ոչնչացման։

Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս դեսպանը չի հիշատակում անգամ ամիսներ առաջ էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար բնիկ, էթնիկ հայերի մասին, որոնք 10 ամիս շարունակ ապրել են հումանիտար ճգնաժամի մեջ՝ զուրկ կենսապահովման տարրական միջոցների՝ սննդից, դեղորայքից, կյանքի ու կենսագործունեության համար պարտադիր ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Դեսպանը մոռանում է խոսել նաև մի քանի ամսվա վաղեմության իրողություններից, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ 150 000 հայեր պատերազմական գործողությունների արդյունքում զրկվեցին իրենց հազարամյա բնօրրանից, գույքից, ունեցվածքից, մինչդեռ, այսքանից հետո, փաստացի ընդունում է 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքը։

Նման խոստովանությունը հավասարազոր է հանցակցության։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, երբևէ չի պատերազմել քաղաքացիական բնակչության դեմ, մինչդեռ Ադրբեջանն անվարան թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները, խոշտանգել և այլ հակամարդկային արարքների դիմել քաղաքացիական անձանց նկատմամբ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն իր խիստ բողոքն է հայտնում Ադրբեջանում Իրանի դեսպանի անպատասխանատու և անհավասարակշիռ հայտարարությունների դեմ։ Մենք պահանջում ենք Ադրբեջանում Իրանի դեսպանից չվտանգել հայ ժողովրդի անվերապահ վստահությունը Իրանի նկատմամբ և երկու ժողովուրդների բարեկամության խորը ավանդույթները չպայմանավորել պահի պատեհության գործոնով»։