«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության փաթեթը

02/02/2022

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Արցախի սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը: Նաեւ որոշում կայացվեց այն ուղարկել Արցախի գերագույն դատարանին՝ նրա սահմանադրականության հարցը որոշելու համար:

Նշենք, որ այս փոփոխությամբ Արցախի վարչատարածքային բաժանման վերանայման ժամկետը 5 տարուց դարձավ 10 տարի:

Արցախի Սահմանադրության 173-րդ հոդվածխում նշված է. «Վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարում», իսկ այդ ժամկետը լրանում է այս տարվա մարտին:

ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը հարց տվեց, թե ինչ են նախատեսում այս 5 տարում, որ նախապատրաստվեն վարչատարածքային բաժանմանը: Ի պատասխան Արցախի նախագահի ներկայացուցիչ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասաց. «Համապատասխան քաղաքական որոշման դեպքում, այդ թվում քաղաքական ուժերի կարծիքը հաշվի առնելով, համապատասխան հայեցակարգ կմշակվի: Մինչեւ պատերազմը խոշորացման էինք գնում, սակայն պատերազմի  հետեւանքները հաշվի առնելով քաղաքական ուժերն առաջարկեցին, որ այդ ճանապարհով չգնանք: Առաջիկայում որոշ նախաձեռնություններ կլինեն միջհամայնքային միավորումների հետ կապված, որը խոշորացում չէ»:

Նշենք, որ Արցախի ԱԺ այս նիստերի օրակարգում ներառված են նաեւ հետեւյալ հարցերը.

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը։

Օրակարգում ներառված են նաև հարցեր ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորների հայտարարություններ։