«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը

19/04/2021

Ամերիկյան The National Interest պարբերականի հոդվածագիր Մայքլ Ռուբինը Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ, ինչը շոշափելի արձագանքի է արժանացել նաև Հայաստանում:

Հասկանալի է, որ այդպիսի համեմատությունը մեզ համար բավականին ականջահաճո է: Միաժամանակ, սակայն, մեր խնդիրը այդօրինակ համեմատություններից բավականություն ստանալը չէ, այլ դրանց ակունքը հասկանալն ու հնարավոր միտումները գնահատելը, որպեսզի կարողանանք կողմնորոշվել նաև այդ համատեքստում մեր անելիքի, աշխատանքի ուղղությունների հարցում: Այդ իմաստով անհրաժեշտ է նկատել թերևս մի հանգամանք, որ չնայած ամերիկյան ամսագիր լինելուն՝ The National Interest-ը այսօր ըստ էության ամերիկյան մեդիափորձագիտական հարթակում ռուսական ամբիոն է:

Ինչպես տարբեր առիթներով նշել են մարդիկ, որոնք քաջատեղյակ են այդ դասավորությունից, The National Interest-ն այսօր ռուսական ֆինանսավորմամբ հարթակ է: Այդ իմաստով երկու բավականին վառ և խոսուն հանգամանք: Ամսագրի գործադիր տնօրեն Դմիտրի Սայմսը ծագումով ԽՍՀՄ-ից է, որը հետո տեղափոխվել է ԱՄՆ ու ստացել ԱՄՆ քաղաքացիություն: Դմիտրի Սայմսը ռուսական հեռուստատեսային թոք շոուների պարբերական մասնակից է: Մայքլ Ռուբինը՝ «համեմատության» հոդվածի հեղինակը, ռուսական «Վալդայ» փորձագիտական ակումբի փորձագետներից է: Իսկ ակումբը, ինչպես հայտնի է, ռուսական քաղաքական վերնախավի հարթակ է: Այսպիսով, այդ ամենի հիշատակումը անշուշտ կոնսպիրոլոգիական համատեքստով չէ: Ի վերջո այդ ամենը բաց ռեսուրսներով հասանելի տեղեկատվություն է:

Խնդիրն այստեղ այն է, որ դրանով բավականին նկատելի է դառնում ամերիկյան ամսագրի հրապարակման, այսպես ասած, ռուսական ակունքը կամ նվազագույնը՝ ռուս-ամերիկյան ակունքը: Հատկանշական հանգամանք է այն, որ դա տեղի է ունենում այն փուլում, երբ ակնառու են Ռուսաստանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական հոգեբանական-քաղաքական ճնշման շարժերը:

Այդ ֆոնին Ալիևի՝ Սադամ Հուսեյնի հետ համեմատությամբ հրապարակումը ուշագրավ է, եթե նկատի առնենք և այն, որ այն զուգահեռվում է ապրիլի 13-ին Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարության հետ, որով Ադրբեջանի նախագահին ըստ էության անուղղակի, սակայն հորդոր էր հղվում չխոչընդոտել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքի աշխուժացմանը:

Կա՞ Ալիևի ուղղությամբ որոշակի ռուս-ամերիկյան ճնշում, թե՞ դա ուրվագիծ է, որի միս ու արյուն ստանալու հնարավորությունը շատ քիչ է և այն հօդս կցնդի, երբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում տեղի ունենան որոշակի պայմանավորվածություններ: Ինչ կանի այդ դեպքում ԱՄՆ-ը, որից, ի դեպ, այս օրերին նաև դժգոհել էր Ալիևը: ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հաշտեցմանն ու արցախյան հարցի վերջնական կարգավորմանը, որում իր համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը:
https://www.1in.am/