«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյան

02/05/2024

Կառավարության նիստի ժամանակ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց,  որ  ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանելու անձի իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։

«Ոստիկանության գվարդիայի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության գվարդիայի հրամանատարը:

Ոստիկանության գվարդիայի ղեկավարման մանրամասները սահմանվում են ոստիկանության գվարդիայի կանոնադրությամբ»,-նշեց Սարգսյանը:

Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կնշանակվի մինչև 2025 թվականի հունվարի 10-ը: Ոստիկանության գվարդիայի ամբողջական ձևավորումն իրականացվելու է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակումից հետո՝ երկամսյա ժամկետում:

Մինչև ոստիկանության գվարդիայի ծառայող նշանակվելը, ոստիկանության զորքերի զինծառայողները շարունակելում են իրականացնել իրենց պարտականությունները և իրավունքները՝ հանդես գալով որպես ոստիկանության զորքերի զինծառայողներ:

«Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է: Ոստիկանության բարեփոխումների թեմայով վերջին երկու տարիների ընթացքում միայն իմ մասնակցությամբ 10-ից ավելի քննարկումներ են եղել:  Ունենք պատշաճ նախագիծ՝ ոստիկանության  նոր համակարգ ձևավորելու: Ուզում եմ ընդգծել՝ այն համապատասխան է ժողովրդավարության մեր պատկերացումներին: Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց: Սա կարևոր է և՛ ոստիկանին, և՛ քաղաքացուն պաշտպանելու համար»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: