«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ շնորհել․ Politico

14/06/2022

Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ շնորհել, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Լիազոր ներկայացուցիչների կոլեգիայում բանավեճերը հաջորդել են ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անսպասելի այցին Կիեւ, որտեղ նա նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության հայտը:

Հանձնաժողովների միջեւ բանավեճերին ծանոթ պաշտոնյաներն ասել են, որ իրենք լավ գիտակցում են «ուկրաինացիների կողմից կատարված զոհողությունները եւ լավ հասկանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությունը, որ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության ենթադրյալ ոլորտ վերադարձնելու հնարավորությունը»:

Ուկրաինային որպես թեկնածու երկիր ճանաչելու համար անհրաժեշտ է Եվրախորհրդում 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների միաձայն հավանությունը, որոնք, ինչպես սպասվում է, հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում: Պաշտոնյաներն ու դիվանագետները հայտարարել են, որ առնվազն երեք երկիր դեռ դեմ են դրան:

Ուկրաինայի հայտի կողմնակիցները հայտարարել են, որ թեկնածուի կարգավիճակի տրամադրման ցանկացած ուշացում խորապես բարոյալքող կլինի Ուկրաինայի համար:

Մոլդովան եւ Վրաստանը նույնպես դիմել են թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, եւ պաշտոնյաներն ասում են, որ հանձնաժողովի անդամները հիմնականում աջակցում են Մոլդովային եւ ավելի քիչ են վստահում Վրաստանին:

Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի համար թեկնածուների կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ժամանակ ԵՄ շատ պաշտոնյաներ եւ դիվանագետներ նշել են հարցի զգայունությունը՝ հաշվի առնելով արեւմտաբալկանյան երկրների, այդ թվում՝ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության դանդաղ տեմպերը, որը 2005 թվականին էր հայտարարվել թեկնածու երկիր։