«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նոր նշանակումներ Կառավարությունում

20/11/2020

Կառավարությունում փոփոխությունները շարունակվում են: Վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վաղարշակ Հարությունյանին նշանակել է պաշտպանության նախարար: Մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից: Տոնոյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարում էր 2018-ից, իսկ մինչև այդ մեկ տարի ղեկավարել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, 2010-2016 թթ. եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Մինչև հրաժարականը Դավիթ Տոնոյանն ուղերձով հավաստիացրել է, որ իր ղեկավարած գերատեսչության և զինուժի անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության ու հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով:

Դավիթ Տոնոյան - Ինձ համար պատիվ եմ համարում, որ հնարավորություն ունեցա երկար տարիներ մասնիկը լինելու ֆանտաստիկ այս թիմի, որը դեռ երկար է ծառայելու հայրենիքին: Համոզմունքս նույնն է՝ Հայոց բանակը ուժեղ է և հզորանալու է ավելի: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափել բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ:

Հանրապետության նախագահն ընդունել է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն Արցախյան պատերազմի մասնակից է: Վազգեն Սարգսյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից պարգևատրվել է անվանական զենքով: Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնում է երկրորդ անգամ: Առաջին պաշտոնավարումը եղել է 1999-2000 թվականներին: Այս տարվա օգոստոսից Հարությունյանը վարչապետի գլխավոր խորհրդականն էր:

Նախագահի մեկ այլ հրամանով՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նույն պաշտոնից ազատվել է Զարուհի Բաթոյանը:

Վերջինս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնել էր 2019-ի հունվարի 18-ին:

Նոր նշանակում կա նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից, որը ստանձնել էր 2018 թ. հոկտեմբերի 4-ին:

Նույն պաշտոնում նշանակվել է Զինված ուժերի գեներալ-մայոր, Հայաստանի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, Հայաստանի Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը: Այս կադրերում 1989-ի նոյեմբերին կազմավորված «Մասիս» կամավորական ջոկատի ազատամարտիկներն են, մասնակցել են Հայաստանի սահմանամերձ գյուղերի ու Արցախի՝ Շահումյանի, Քաշաթաղի և Ֆիզուլիի, Հադրութի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Այս կադրում Անդրանիկ Փիլոյանն է:

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան, 1Lurer.am