«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշտարակի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է, վիրավորների թվում երեխա կա

22/04/2022

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում, բախվել են BMW և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրջեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: 06-ը կողաշրջել են և նոր կարողացել են երեխային դուրս բերել ավտոմեքենայի տակից:

Օպերատիվ է գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը: Վերջինս մեկնել է հիվանդանոցներ, իսկ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նսախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: