Ուկրաինայում ամեն օր համազգային լռության րոպե կանցկացվի
«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու թիվ 143/2022 հրամանագրի համաձայն՝ ամեն օր ժամը 9:00-ին լռության րոպե կանցկացվի, այդ մասին կհայտարարվի բոլոր լրատվամիջոցներով։
«Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինվորների, զինված ագրեսիայի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների օրհնյալ հիշատակը, քաղաքացիական խիզախությունն ու անձնուրացությունը, տոկունությունն ու սխրագործությունը հարգելու նպատակով ամեն օր ժամը 9:00-ին լռության րոպե կանցկացվի, որը պետք է հայտարարվի բոլոր լրատվամիջոցներով՝ անկախ նրանց սեփականության ձևից»,- ասվում է փաստաթղթում։
Համաձայն հրամանագրի՝ նախարարների կաբինետին, մարզային և Կիևի քաղաքային պետական վարչություններին հանձնարարվել է ապահովել համազգային լռության րոպե, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 16-ից։