«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Եվրոպայի րաբբիական կենտրոնի վերջին հայտարարությունն Արցախի վերաբերյալ

08/09/2023

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ Այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակն ընդունում է եզրույթի զգայունությունը, հատկապես Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի կրած հսկայական տառապանքների լույսի ներքո և լիովին կարևորում հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների հիշատակը պահպանելու կարևորությունը: Եզրույթը չի օգտագործվել որպես պատմական համեմատություն։ Ցեղասպանության միջազգային իրավական սահմանումը, որը ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948 թվականի համապատասխան կոնվենցիայում, ներառում է հետևյալը՝ «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ»։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու պարտականությունը: Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշմամբ՝ «մասնակից պետությունները չպետք է «սպասեն, մինչև կսկսվի ցեղասպանության իրագործումը», և «պարտավորության ամբողջ իմաստը ցեղասպանության կանխարգելումն է կամ կանխարգելու փորձը»:

Տարբեր միջազգային անկախ և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանական է։ Իր վերջին զեկույցում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդում է՝ «ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ»։ Genocide Watch-ը նույնպես բազմաթիվ ահազանգեր է տարածել այս կապակցությամբ:

Արդեն ինը ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին՝ բացահայտորեն խախտելով հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ պաշարել են Արցախը՝ արգելափակելով սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը։ Դա տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը, Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը: Ադրբեջանն օգտագործում է սովամահության հասցնելու և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու քաղաքականություն` հայ ժողովրդին սեփական հայրենիքից հայաթափելու նպատակով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է անում ճանաչել իրավիճակի սրությունը Արցախում և հավատարիմ մնալ արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին, որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարության, խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության և կարեկցանքի։