Ռուսաստանը կմասնակցի Բալիում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 15-16-ը կգտնվի Բալիում՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը երեկ հեռախոսով խոսել է Վիդոդոյի հետ պարենային անվտանգության և G20-ի գագաթնաժողովի նախապատրաստության մասին:
«Նախագահ Պուտինն ինձ ասաց, որ կգա»,- ասել է Ինդոնեզիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ գագաթնաժողովին մասնակից կլինի նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Սկզբում մի շարք արևմտյան երկրներ՝ առաջին հերթին ԱՄՆ-ը և Կանադան, առաջարկում էին Ռուսաստանին ընդհանրապես բացառել G20-ից, սակայն G20-ի մյուս երկրները չհամաձայնեցին հարցին նման ձևակերպմանը։
Ինդոնեզիան, որպես նախագահող, ընդգծում է, որ ցանկանում է միավորել G20-ը և կանխել դրա պառակտումը:
Բացի այդ, ինդոնեզական կողմը հայտնել է, որ պատրաստ է գագաթնաժողովի շրջանակում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը: