«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խորհրդակցություններ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ

04/09/2020

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։

Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեл են նստաշրջանի համար անդամ պետությունների կողմից նախանշված ազգային գերակայությունները։ Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանի պատվիրակությունը շեշտել է համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հիմնահարցերի բացառապես խաղաղ հանգուցալուծման, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

Քննարկվել է ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը։

Խորհրդակցությունների մասնակիցները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունքում անդրսահմանային սպառնալիքների գործոնի ուժեղացման, ահաբեկչական խմբավորումների շարունակվող ակտիվության և դրանց արդյունքում Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի առնչությամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել COVID-19 համավարակի պայմաններում համատեղ անվտանգային մթնոլորտը պահպանելու, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ անդամ պետությունների հնարավոր ներդրում ունենալու, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ջանքերը համադրելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Կարևորվել է ՀԱՊԿ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման պրակտիկան՝ դիրքորոշումների առավել մերձեցման և փոխըմբռնման մեծացման համատեքստում։