«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գավառցի նախկին մանկավարժը բացառիկ հուշ է պատմել Պարույր Սևակի հետ հանդիպումից

31/01/2024

Գավառ քաղաքի բնակիչ, պատմության ուսուցիչ Սամվել Աղլամազյանը «Գեղամա աշխարհ» թերթին հետաքրքիր ու բացառիկ հուշ է ներկայացրել հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ, հայ ժողովրդի մեծ զավակ Պարույր Սևակի հետ հանդիպումից, ինչը ևս մեկ անգամ վկայում է բանաստեղծի մարդկային վեհության ու համեստության մասին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրակազմից՝ պատմության ուսուցչի հանդիպումը Պարույր Սևակի հետ տեղի է ունեցել բանաստեղծի մահից 2 տարի առաջ, նրա այգում։ «1969 թվականի օգոստոսի առաջին կիրակին էր: Բանվորական կոլեկտիվի հետ գնացել էի Պարույր Սևակի հետ հանդիպման: Սևակին հանդիպեցինք իր նորակառույց տան այգում: Մեզ տեսնելով՝ ուրախացավ: Երբ իմացավ, թե որտեղից ենք, խոսեց մեր տարածաշրջանի ազգաբնակչությանը բնորոշ հատկանիշների մասին, շեշտեց, որ նրանք բարի են, մարդամոտ, հյուրասեր ու անկեղծ: Նշեց, որ մեր շրջանը եղել է մեծ թվով նշանավոր մարդկանց ծննդավայր: Նրանք հայտնի և ճանաչված են ոչ միայն իրենց շրջանում, Հայաստանում, Խորհրդային Միությունում, այլև արտերկրում, մի խոսքով՝ ամբողջ աշխարհում: Սևակի խոսքը լսելուց հետո հարցս ուղղեցի նրան.

-Հայ գրականության և պոեզիայի հարգարժա՛ն վարպետ, կցանկանայինք լսել Ձեր խոսքն ու կարծիքը հայ պոեզիայի ու գրականության ու նրա մեծերի մասին:

Իմ հարցից հետո Սևակը ոտքի կանգնեց, մոտեցավ մեր խմբին ու ձեռքը մտերմիկ դրեց ուսիս:

-Գնացինք,-ասաց նա:

Ամբողջ խմբով հետևեցինք նրան:  Կանգ առանք մի մեծ ծառի մոտ:

-Սիրելինե՛րս, տեսնու՞մ եք այս ծառը: Սա պատկերացրեք, որ հայ պոեզիայի, գրականության ու մշակույթի ծառն է: Նրա արմատները շատ խորն են: Հողից մինչև ծառի ճյուղերը նրա բունն է: Բնից սկսվում ու սկիզբ են առնում ծառի ճյուղերը: Ահա՛, նայեք, այս հաստ ճյուղը Հովհաննես Թումանյանն է: Սա էլ Ավետիք Իսահակյանն է,-ցույց տալով Թումանյանի ճյուղի կողքի հաստ ճյուղը,-այն էլ Րաֆֆին է, դիմացը՝ Շիրվանզադեն: Բնից մինչև բոլոր ճյուղերը վեր խոյացող հաստ, սակայն դալար ճյուղը Չարենցն է: Ա՛յ, այս վերևում նկատու՞մ եք այն դալար, ճկուն ճյուղը. կարող է պատահի՝ ես եմ:

Իր վերջին խոսքի վրա ծիծաղեց իրեն յուրահատուկ, բնորոշ ձևով եւ նայեց մեզ:

Հետաքրքիր և իմաստալից էին նրա բոլոր բնութագրումները»,-գրել է Սամվել Աղլամազյանը: