«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2019-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 17 հազար, 2021-ին՝ 34 հազարից ավելի հայաստանցի

11/12/2021

Lragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

Արդարադատության նախարարությունը իրազեկում է տարածել այն քաղաքացիների համար, որոնք մեկնում են ՌԴ աշխատանքի նպատակով և նշել, թե 2021-ի հուլիսի 1-ից ինչ օրենք է փոխվել և  դեկտեմբերի 28-ին հետո ինչ պարտավորություններ ունեն մեր քաղաքացիները: Ձեր կարծիքով ինչքանո՞վ են տեղեկացված մեր քաղաքացիները, արդյոք այս առումով մեր քաղաքացիները լրջագույն խնդիրների չեն բախվի և արդյոք դա ըմբոստություն չի առաջացնի:

Այդ փոփոխությունները մեր քաղաքացիների մոտ եթե նույնիսկ ըմբոստություն էլ առաջացնի, այդ ըմբոստությունը արդարացված չէ, որովհետև Հայաստանը չի նախաձեռնել դա, նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնությունը: Առնվազն մեկ տարի շարունակ ես խոսել եմ դրա մասին, տեղեկացրել մեր քաղաքացիներին, դրա մասին տեղեկացրել է միգրացիոն ծառայությունը, որ նախատեսվում են այդ փոփոխությունները: Այդ փոփոխությունների դեռևս կարելի է ասել երկու տոկոսն էլ չի իրականացվել: Այդ ծավալը որ իրականանա, շատ լուրջ հետևանքներ կունենա: Հիմա ընդամենը մտցրել են միայն, որ 30 օրից ավել ով պետք է մնա ՌԴ-ում, միգրացիոն հաշվառման կանգնելիս պարտավոր է հանձնել մատնահետք, իսկ աշխատանքի նպատակով մեկնողները պետք է հանձնեն ինֆեկցիոն հիվանդությունների անալիզներ, այդ թվում կովիդ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն: Դրանք հանձնելու են մասնագիտացված կոնկրետ տարածքում, որտեղից ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները պատենտ են վերցնելու, որպեսզի կարողանան աշխատել ՌԴ-ում: Այսինքն հիվանդությունների մասով դրույթը գործում էր բոլորի համար, բացի ոչ ԵԱՏՄ անդամ երկրների, հիմա գործելու է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այսինքն փոփոխությունն այդ մասով եղել է միայն ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար: Իսկ մատնահետքի պահանջը բոլոր քաղաքացիների համար է:

Նշվում է, որ այս փոփոխությունները կարող են ավելացնել այնտեղ կոռուպցիոն ռիսկերը, շատերը գործարքների կգնան: Այս իրավիճակն ինչի՞ է հանգեցնելու:

Ոչ թե չի բացառվում, այլ միանշանակ գնալու են դրան, վայրկյան իսկ կասկածում: Բանն այն է, որ օրենքն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 28-ից սկսած, և նրանք, որոնք շարունակելու են գտնվել Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից հետո, նրանք որոնք մուտք կգործեն մինչև դեկտեմբերի 29-ը , այդ մարդիկ պարտավոր են 29-ից սկսած մինչև հունվարի 28-ը ներառյալ մեկամսյա ժամկետում այդ պրոցեդուրան անցնել՝ մատնահետք հանձնել միգրացիոն ծառայության տարածքային կենտրոններում, հանձնել այդ անալիզները  և հանձնել այդ տեղեկանքները: Ես ձեզ կարող եմ միանշանակ ասել, որ ուղղակի կտրուկ աճելու է այն մարդկանց թիվը, որոնք հայտնվելու են հերթերի մեջ, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ՌԴ-ում փոքր թիվ չեն կազմում: Հայաստանն այդ ամբողջ թվաբանության մեջ շատ փոքր տոկոս է կազմում՝ 3,5 տոկոս: Ռուսաստանի միգրացիոն հոսքերի հիմնական մասը՝ 65 տոկոսը կազմող Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիների կողքին հայտնվելու են նաև այդ միգրացիոն հոսքերի 13 տոկոսը կազմող Ղրղըզստանի քաղաքացիները, 3-3,5 տոկոս կազմող ՀՀ քաղաքացիները: Ուզում եմ ասել, որ հոսքերը շատ մեծանալու են, հերթերը մեծանալու են: Նրանք, որոնք մնալու են ՌԴ-ում, ստիպված են լինելու այդ մեկամսյա ժամկետում անցնել այդ ամենի միջով: Նրանք, որոնք վերադառնալու են և հետո են մեկնելու արտագնա աշխատանքի, ես ուղղակի բոլորին կոչ կանեմ, կհորդորեմ մարտից շուտ չգնալ, որովհետև ցանկացած փոփոխություն մինչև ադապտացվում է, մինչև հունի մեջ է ընկնում, ամիսներ է տևում, իսկ մարդիկ 30 օր ժամանակ են ունենալու այդ պրոցեդուրաներով անցնելու համար: Ուստի ես խորհուրդ կտամ, որ մարտից հետո մեկնեն, որպեսզի արդեն որոշակի ժամանակ անցած լինի, հունի մեջ ընկած լինեն այդ պրոցեդուրաները, որ իրենք գնան ու շատ քաշքշուկների մեջ չընկնեն, առնվազն տեղեկատվություն ունենանք, թե ինչպես է ընթանում այդ ամեն ինչը, որ մեր քաղաքացիներին իրազեկենք:

Միգրացիոն հոսքերն այս ամիսներին դեպի Ռուսաստան որքանով են աճել և արդյոք դրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են:

Առնվազն այն տվյալները, որոնք ես ունեմ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության կայքից միգրացիոն հաշվառման կանգնածների այցի նպատակը բաժնում, դիմածների 70 տոկոսը աշխատանքի նպատակով են գնացել: Սա խոսում է այն մասին, որ այո, հիմնականում աշխատանքային միգրանտներն են դիմում: Կլինեն նրանք սեզոնային, այսինքն մինչև 9 ամիս ժամկետով աշխատող միգրանտները, թե երկարատև, այսինքն 1 տարուց ավելի կմնան այնտեղ, դա արդեն ցույց կտա վիճակագրությունը, երբ որ մենք տարեվերջին կհամեմատենք մեկնողների և վերադարձողների թվերը, որ հասկանանք, թե տարվա ընթացքում քանի մարդ է մեկնել և որքանը վերադարձել, և ինչքան ունենք երկարաժամկետ միգրանտ կամ չվերադարձած միգրանտ: Բայց հոսքերն, այո, մեծ են: Նաև քաղաքացիություն ստացողների թիվն է մեծ: 2019 թվականի 9 ամիսների համեմատությամբ 2021 թվականի 9 ամիսներին կրկնակի աճ է արձանագրվել: 2019-ին այդ թիվը 17 հազարից մի քիչ ավել էր, իսկ 2021-ին՝ 34 հազարից ավելի: