«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պարզաբանում. Շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ

03/07/2023

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է մամուլի տեղեկություններին, թե հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ:

«Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է:
Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարեւոր ենք համարում ընգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում եւ տարբեր ձեւաչափերում վերահաստատել է նաեւ ԼՂ նախագահը:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- այս մասին ասվում է Նազելի Բաղդասրյանի գրառման մեջ։