«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը մարտական վիճակի՞ է բերում Հայաստանում գտնվող իր զորքը. Պուտինի խոսնակն առաջին անգամ մեկնաբանել է Արցախում տիրող իրավիճակը

28/09/2020

Կրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը լուրջ անհանգստության պատճառ է համարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Երեկ ցավոք օրը տխրեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման պատճառով: Դա իհարկե լուրջ անհանգստության պատճառ է»,-ասել է նա:

Պեսկովը հայտնել է, որ մարտական գործողությունների սկսումից անմիջապես հետո Սերգեյ Լավրովը կապի մեջ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ:

Բացի դրանից, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի միջև:

Հարցին, նման հեռախոսազրույց լինելու է արդյո՞ք Բաքվի հետ, Պուտինի խոսնակն ասել է՝ եթե անհրաժեշտ լինի, կկայանա:

Մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը, որ Երևանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը՝ Պեսկովն ասել է, որ հիմա Մոսկվան կողմերին մաքսիմալ զսպվածության կոչ է անում ու հորդորում է զերծ մնալ գործն առաջ տանելու ռազմական մեթոդից. «Կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հետագա անցանկալի լարվածության ու սրացման հանգեցնել»,-ասել է նա:

Արդյո՞ք Ռուսաստանը մարտական վիճակի կբերի իր զորքերը, որոնք գտնվում են տարածաշրջանում: Պեսկովը հարցին չի պատասխանել. «Ես ռազմական մասնագետ չեմ, դրա համար զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը հանարավոր է համարում, որ տեղի ունեցածը միտումնավոր սադրանք է՝ նկատի ունենալով Բելառուսի ու Ալեքսեյ Նավալնիի հանգամանքները՝ Պուտինի խոսնակն ասել է՝ ոչ, չի դիտարկվում: