«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Սպանության փորձ վաղ առավոտյան. Դանակահարողը կնոջ հետ ապրում էր նույն բնակարանում

26/05/2021

Մայիսի 24-ին, առավոտյան ժամը 7-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվում, թե Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանում կարծես դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Երևանյան փողոց` ճշտելու տեղեկության իսկությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ 15 րոպե անց արդեն հիվանդանոցից է ստացվում հաղորդում. հայտնում են, որ վերոհիշյալ հասցեից բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի կին` կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:

Ոստիկանության բաժնից մի խումբ էլ մեկնում է հիվանդանոց, սակայն շատ բան պարզել չի հաջողվում. ըստ բժշկի տեղեկանքի` կինն ի վիճակի չէր հաղորդում տալու:

Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվում է, որ ժամը 06.30-ի սահմաններում տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կնոջ ազգական, նույն տանը բնակվող 27-ամյա երիտասարդն է խոհանոցային դանակով հարվածներ հասցրել նրա մարմնին: Երկրորդ ահազանգից մոտ կես ժամ անց երիտասարդը բերման է ենթարկվում, խոստովանում արարքն ու ձերբակալվում:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արարատի մարզային քննչական վարչություն: