«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անահիտ Մանասյանը ադրբեջանցի գործընկերոջը համագործակցության առաջարկ է արել

29/06/2023

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մանասյանը` մեկնաբանելով Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցադրմանը։

 

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները չեն զբաղվում քաղաքական, տարածքային հարցերով, անկախ հաստատություններ են։ Այս առումով մատնանշել եմ, որ մեր երկու պետությունների` նման ապաքաղաքական հաստատությունները պետք է ունենան պատշաճ հաղորդակցություն և կարողանան լուծել առաջացող հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»,– ասաց Մանասյանը։

 

Ըստ նրա` արձագանք դեռ չկա, սակայն ինքը շարունակում է ուղիներ փնտրել։

Հայաստանի ՄԻՊ–ի գնահատմամբ` Արցախում իրավիճակը շատ մտահոգիչ է թե հումանիտար, թե մարդու իրավունքների տեսանկյունից` Ադրբեջանում վարվող հայատյացության ամբողջ քաղաքականության հետ համադրությամբ։ Վստահ է, որ սա միայն իրավական մակարդակում լուծվող հարց չէ, պետք է համադրվեն տարբեր հարթակներում ջանքերը, այդ թվում` անհրաժեշտ է նաև միջազգային հանրության պատշաճ արձագանք։

Մանասյանը չպատասխանեց այն հարցին, թե այս իրավիճակում ինքը` որպես մարդու իրավունքների պաշտպան, միջազգային ինչպիսի մեխանիզմ է պատկերացնում, որը կարող է երաշխավորել արցախահայության ֆիզիկական անվտանգությունն Ադրբեջանի կազմում։

Շեշտեց, որ չի կարող միանշանակ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը կարող է տալ կամ չի կարող տալ արցախահայության անվտանգության երաշխիք, բայց իր համար միանշանակ է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները պետք է լուծված լինեն։