«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արցախի պատերազմին մասնակցած տղաների ընտանիքներ

14/03/2021

Հույսը կորցրած ընտանիքում Սոսեն իր ծնունդով մի լույս վառեց: Փոքրիկը հոր մահից 3 ամիս հետո ծնվեց՝ հունվարի 5-ին: 3 տղաներից հետո Սահակը դստեր ծնունդին անհամբեր էր սպասում: Միտք ուներ 7 որդով սեղան նստել:

Սահակը 10 տարի ոստիկանության զորքերում էր ծառայել, հետո կարճ ժամանակով Ռուսաստան մեկնել: Իրեն հայրենիքից դուրս չէր պատկերացնում, վերադարձել էր ու 6 ամիս առաջ եղբոր տղաների հետ պայմանագրվել զինված ուժերում: Արարատում էր ծառայում. հերթական հերթափոխի օրն էր, բայց պատերազմի լուրը լսելով՝ Մեխակավան էր հասել՝ տղաներին օգնության: Կնոջ հետ վերջին անգամ հոկտեմբերի 13-ին էր խոսել:

Սահակը հերոսացավ հոկտեմբերի 14-ին, մահացու վիրավորում էր ստացել թեժ կռվում՝ կասետային ռումբերից: Ընտանիքին վշտակցելու համար այսօր Սահակյաններին էր այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Սահակը 40-ամյակը դեռ չէր բոլորել, գիտակցված էր գնացել պատերազմ, որդիների սերնդին կռիվը չէր ուզում թողնել: Արթիկի Տոնականյան փողոցի տեղը շատերը գիտեն, ծանոթ, թե անծանոթ՝ բոլորին տուն էր հրավիրում, հյուրասիրում:

Գյումրեցի Դավիթն էլ էր Մեխակավանում ծառայել: Պատերազմը երբ սկսվեց, 3 ամիս էր մնացել զորացրվելուն: Թշնամու կուտակումները նախապես նկատել էին, պատերազմից երկու օր առաջ դիրքեր բարձրացել:

Կռիվ են տվել Ջաբրաիլում, նահանջի հրաման ստանալով՝ Հադրութի անտառներից են թշնամուն խոցել: Հենց այնտեղ էլ բեկորային վիրավորում է ստացել: Ծանր վիրավորված՝ Գորիսից Երևան է հասել գրեթե անգիտակից, բայց երբ շտապօգնության մեքենայում Գետաշենն է լսել՝ ամբողջ ճանապարհին երգելով Երևան են հասել:

Գյումրեցի տղան իր հումորով բժիշկներին զարմացրել է անգամ վիրահատական միջամտության ժամանակ: Ոտքից հանած այս բեկորն էլ միշտ իր մոտ է պահում:

Ձախ ոտքը դեռ չի զգում, առաջիկայում գյումրեցի տղային 4 վիրհատությունն է սպասվում: Մինչև վիրահատությունը Աննա Հակոբյանը տեսակցեց նաև Դավիթին:

10 տարի մինի ֆուտբոլով է զբաղվել, հասցրել է մեդալներ ու գավաթներ նվաճել: Հիմա ապագան սպորտի հետ չի կապում: Պատերազմը փոխել է ծրագրերը: Անգլերեն է սովորում, առաջիկայում նաև IT կուսումնասիրի: 

Հեղինակ`Քրիստինե Ոսկանյան