«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սլովակիայի վարչապետը Շոլցին կոչ է արել աջակցել Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային՝ որպես ԵՄ թեկնածուների

14/06/2022

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել աջակցել Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային՝ որպես ԵՄ անդամության թեկնածուների։

Մի քանի պաշտոնատար անձանց խոսքով՝ Եվրահանձնաժողովը մտադիր է առաջարկել, որպեսզի Ուկրաինային ԵՄ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրվի, սակայն վերջնական որոշումը պետք է Եվրոպական խորհուրդը կայացնի:

«Մենք պետք է հասկանանք, որ ընդլայնումը պարտադիր է»,- Շոլցի հետ երկկողմ հանդիպումից առաջ ասել է Հեգերը Politico-ին: «Աշխարհին անհրաժեշտ է, որ Եվրոպան ուժեղ լինի: Իսկ երկրները սպասում են»։

Ավելի ուշ Հեգերի հետ ասուլիսում Շոլցը խուսափել է Ուկրաինայի անդամակցության հայտի վերաբերյալ հստակ պատասխանից՝ ասելով միայն. «Մենք՝ որպես ԵՄ, շարունակում ենք այն, ինչ արել ենք մինչ այժմ՝ գործում ենք միասնաբար»:

Գերմանիայի կանցլերը շատ ավելի անկեղծ էր, երբ խոսքը վերաբերում էր Արեւմտյան Բալկաններում ԵՄ-ի ընդլայնմանը՝ նպատակ, որի մասին նա կրկին խոսել է երկուշաբթի օրը՝ պնդելով, որ ԵՄ հետագա ցանկացած մուտք պետք է ընթանա դաշինքի բարեփոխումների հետ ձեռք ձեռքի տված:

Հարցազրույցում Հեգերն ասել է, որ Ուկրաինային կամ այլ երկրներին որպես ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուներ ընդունելը կլինի միայն առաջին քայլը, եւ դաշինքին անդամակցելու ցանկացած հետագա առաջընթաց պետք է «հիմնված լինի արժանիքների վրա»:

Սլովակիայի ղեկավարը հավելել է, որ ցանկացած երկիր պետք է կարողանա դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, սակայն պետք է ընդունվեն միայն նրանք, ովքեր լիովին դրսեւորում են անհրաժեշտ կամք՝ անհրաժեշտ ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար։

«Յուրաքանչյուր երկրի պետք է հնարավորություն տրվի անհատական ջանքեր գործադրել ԵՄ անդամ դառնալու համար։ Եվ կախված նրանց ջանքերից, նրանք կորոշեն, թե երբ դառնան անդամ»,- ասել է Հեգերը՝ ընդգծելով, որ «մենք պետք է ինչ-որ ձեւի հարաբերություններ ունենանք» այլ տեսակի երկրների հետ։

«Մենք տեսնում ենք, որ երկար ժամանակ փոխզիջումների գնացինք էժան նավթի եւ գազի պատճառով», ասել է նա՝ հավելելով, որ որ Սլովակիան դեռեւս մեծապես կախված է ռուսական էներգակիրներից եւ ստիպված էր եղել որոշ բացառություններ խնդրել Ռուսաստանի դեմ ԵՄ նավթային էմբարգոյի հարցում: