«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դանակահարություն՝ Սարի թաղում

17/12/2020

Դեկտեմբերի 15-ին, ժամը 2.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով Սարի թաղի 40-ամյա մի բնակիչ է հիվանդանոց տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնել է բժշկական կենտրոն։ Տղամարդուն վիրահատում էին, բացատրություն վերցնելն անհնար էր։ Նրան հիվանդանոց ուղեկցողի հայտարարությամբ՝ նշված հասցեում բարձրությունից էր ընկել, սակայն Սարի թաղ մեկնած քրեական հետախույզներն այլ բան պետք է պարզեին։

Հարազատների հայտարարությունը հավատ չէր ներշնչում։ Թե՛ վնասվածքի բնույթը, թե՛ դեպքի վայրի զննությունը փաստում էին, որ թաքցրել են կատարվածի իրական հանգամանքները։ Նույնիսկ դժվար չէր պատկերացնել, թե ինչու։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամեր առաջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր հորեղբոր 29-ամյա որդին։ Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դանակը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն