Գողի գլխին մուրճով հարվածել էր թաքնված տանտերը
Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում շրջայց կատարելիս՝ ժամը 11.40-ին, տեսել են, որ բակից դուրս է վազում 30-35 տարեկան մի տղամարդ, գլխի արյունահոսող վերքով, ձեռնոցներով, ձեռքին էլ՝ դանակ։ Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում` բռնե՛ք: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։
«Շրջագայության ելած Բազումի ոստիկանները`քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազել են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցել է դանակը, հանել բանվորական ձեռնոցները, իսկ ոստիկանները նրան կանգնեցրել և բռնել են:
Պարզվել է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` գողություն անելու մտադրությամբ անձը»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով հարվածել էր գլխին:
«Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։
Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: