«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիևն ամբողջ գիշեր ռմբակոծվել է, քաղաքից դուրս գալը գնալով դժվարանում է. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

01/03/2022

Կիևն ամբողջ գիշեր ռմբակոծվել է, կարծում եմ ծանր հրետանին էր աշխատում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ մարդիկ Կիևում շարունակում են գիշերել մետրոներում, նկուղներում, ռմբապաստարաններում:

«Հիմա հաճախ է լինում, որ Կիևի մեձակայքում 20-30 միավոր տեխնիկա իրար են բախվում ու մինչև վերջ կռվում են, երեկ իմացանք, որ բանակցություններ են, բայց գրեթե այդ նույն ժամանակահատվածում Կիևից 15 կմ հեռավորության վրա Իսկանդերով հարվածներ էին հասցվել: Այդ բախումների ձայները 100 կմ հեռավորությամբ լսելի էր»:

Նա նշեց, որ չնայած մարտերը շարունակվում են, բայց հայերի շրջանում կորուստներ չկան: «Քաղաքից դուրս գալու ցանկություն ունեցողներին փորձում ենք օգտակար լինել, բայց գնալով դա բարդանում է, քանի որ վառելիքի խնդիր ունենք, միաժամանակ, պարետային ժամ է սահմանված,դրա համար էլ մարդիկ մի կետից մյուս կետ այլևս չեն կարողանում հասնել, թեև ինչով կարողանում ենք, փորձում ենք օգտակար լինել»:

Մկրտչյանը նաև նշեց, որ հայերի շրջանում կորուստներ չկան: «Կիևում սննդամթերքի խնդիր դեռ չկա, քաղաքում հացը թխվում է, գործարանները դեռ աշխատում են, ջուրը կա, էլեկտրաէներգիա, գազ կա: Ինչ կլինի հետագայում՝ դժվար է ասել, այս պահին բոլորս սպասում ենք բանակցությունների հաջորդ փուլին»: