«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը ձգտում է թուլացնել Իրանի դիրքերը և Իրանից բխող սպառնալիքները Սիրիայի տարածքում. արաբագետ

08/01/2021

Երեկ Իսրայելը ավիահարված էր հասցրել Դամասկոսի վրա։ Շատերը շտապեցին ասել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող դեպքերն ու դա իրար հետ կապված են, որոշներն էլ նշեցին, որ դա ուղղակի զուգադիպություն էր։

ArmDaily.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ մեկը մյուսի հետ կապ չուներ. «Սա Իսրայելի հակաիրանական ռազմավարության հերթական դրսևորումն է Սիրիայում։ Ի դեպ, վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ հարվածն է ուղղված Սիրիայի տարածքում իրանական և իրանամետ ուժերի դիրքերին։ 2016 թվականից իսրայելական կողմը բավականաչափ ակտիվորեն մասնակցում է և ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում, որի նպատակն է թուլացնել Իրանի դիրքերը և Իրանից բխող սպառնալիքները»։

Նրա խոսքով՝ Իսրայելը ձգտում է իրանական ուժերին հեռացնել իր սահմանից և դա մեծ հաշվով նրան հաջողվել է. «Մեծ հաշվով այս հարվածը ևս այդ ռազմավարության իրացման հերթական օրինակ է և եթե նայում ենք թիրախները, ապա դարձյալ թիրախավորվել են Իրանի կողմից օգտագործվող օբյեկտները Դամասկոսի մերձակայքում»։

Հարցին, թե ինչպես այս ամենը կանդրադառնա Հայաստանի վրա, Պետրոսյանը նշեց, որ որևէ կերպ այն չի անդրադառնա, քանի որ այս գործողությունները արդեն 4-5 տարի շարունակվում են և ինչպես տեսնում ենք որևէ կերպ չեն անդրադարձել. «Դրանք լոկալ գործողություններ են՝ Սիրիայի տարածքում Իրանին թուլացնելու առումով։ Սրանք եղել և տեղավորվում են հստակ տրամաբանության մեջ և այդպես էլ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել և այլ դերակատարների կողմից չեն սահմանափակվել Սիրիայում Իսրայելի կողմից նման գործողությունների իրականացումը»։

Դիտարկմանը, թե տարածաշրջանում ինչ զարգացումների կարող ենք ականատես լինել, արաբագետը շեշտեց. «Ընդհանուր առմամբ տարածաշրջանը դեռևս սպասման մեջ է՝ պայմանավորված ԱՄՆ-ում նոր վարչակազմի հաստատմամբ և նրա քաղաքականության իրականացմամբ։ Բազմաթիվ դերակատարներ սպասում են, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Բայդենի վարչկազամը, արդյոք կվերադառնա նախկին միջուկային համաձայնագրին, որից հրաժարվել էր Թրամփի վարչակազմը։ Եվ ըստ այդմ էլ կծրագրվեն գործողությունները, հատկապես Իրանի, ինչու ոչ նաև՝ Թուրքիայի դեմ»։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Իրանի խորհրդարանը պարտավորեցրել է կառավարությանը, որ մինչև 2041 թվականը Իսրայելին լուրջ հակահարված հասցնեն, վերացնեն Իսրայելին, Պետրոսյանը նշեց. «Իրանը այսօր բավականին զգուշավոր քաղաքականություն է վարում՝ չցանկանալով տարածաշրջանում ավելորդ լարվածություն առաջացնել։ Կրկնում եմ՝ Իրանում ևս սպասում են ԱՄՆ-ի նոր վարչակազմի դիրքորոշմանը»