«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իշխանությունը շարունակում է անատամ կեցվածքը, ինչը բերելու է մի կետի, որի վատթարագույն հետևանքները զգալու ենք բոլորս. Կարեն Հովհաննիսյան

26/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրատեսական չի համարում արցախահայության վերադարձը Արցախ: «Եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է նա։ Համակարծի՞ք եք։

– Տարօրինակ կհնչի, բայց այս պարագայում Նիկոլ Փաշինյանը հստակ ու իրականությանը համապատասխանող կարծիք է հայտնել։ Ես էլ այն իրատեսական չեմ համարում, որովհետև, ճիշտն ասած, չեմ պատկերացնում արցախահայության վերադարձն Արցախ՝ առանց համապատասխան անվտանգության մեխանիզմների երաշխավորման: Այսօր ատելությունն այնքան խորն է նստած, որ շատ երկար ժամանակ կպահանջվի, որ կարողանան մեկը մյուսին տանելի ձևով, գոնե գլխով բարևեն։ Համատեղ բնակեցում, կենսագործունեություն Արցախի տարածքում ես չեմ տեսնում, ու այս կոնտեքստում վարչապետ Փաշինյանի արտահայտած մտքի հետ համամիտ եմ։ 

– Իսկ հետագայի համար աշխատանք չպե՞տք է տանել այդ ուղղությամբ։

– Միանշանակ աշխատանք պետք է տանել, կոտրվելու, նահանջելու ճանապարհ հայ ժողովուրդն իր օրակարգում չպետք է ունենա: Եթե տեսանելի ապագայում դա հնարավոր չէ կազմակերպել, ապա այժմվանից պետք է դաշտը նախապատրաստել հաջորդ սերունդների համար, որպեսզի կարողանան հենվելու տեղ ունենալ ու միջազգային իրավունքի նորմերը կիրառելով՝ վերադարձի հնարավորություն ստանալ։ Միանշանակ ընդունում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք պետք է տարվի։

– Ձեր գնահատմամբ՝ այդ աշխատանքը հիմա գործող իշխանությունը տանո՞ւմ է, թե՞, ինչպես ասում է խորհրդարանական ընդդիմությունը, «իշխանությունն անում է ամենը, որ Արցախի թեման վերջնականապես փակի»։

– Իմ գնահատմամբ էլ՝ Արցախի հարցը հիմա յոթ կողպեքով փակում են, որպեսզի կարողանան հասնել «բաղձալի» խաղաղության, ու, ամենայն հավանականությամբ, այս իշխանությունների օրոք այդ հարցը ամբողջությամբ սառեցվում է։

– Պարո՛ն Հովհաննիսյան, այն, ինչ կատարվում է հիմա Տավուշի մարզում, դուք համարում եք սահմանազատում-սահմանագծո՞ւմ։

– Ալիևն իր հայտնի հարցազրույցում, կարծես թե, այդ հարցի պատասխանը տվել է․ կարելի է ընդունել՝ որպես առկա փաստ, որ սահմանի այդ հատվածում 10-12 կմ արդեն սահմանագծված է: Այն, որ Ալիևը շեշտեց, թե իրենք են առաջարկել սահմանազատումն այդ հատվածից սկսել, ինչին համաձայնել է Հայաստանի գործող իշխանությունը, վկայում է, որ իրենք հասել են իրենց ուզածին, ու այն ընդվզումը, որ հիմա տեսնում ենք Տավուշում, իմ գնահատմամբ՝ առայժմ բավարար արդյունք չի տալու։

– Ընդվզումն արդարացի՞ է։

– Միանշանակ ընդվզումն արդարացված է, մարդկանց համար անհասկանալի գործընթաց է, մարդիկ անտեղյակ են եղել կատարվողի վերաբերյալ, թեև վարչապետը մեկ-երկու այցելություն է ունեցել տվյալ համայնքներ, բայց դրանով հանդերձ, եթե ժողովուրդը ոտքի է կանգնել ու դեռևս չի համակերպվում այդ գործընթացի հետ, ապա նշանակում է, որ պատրաստ չեն ընդունել այդ փաստը: Թե ինչո՛ւ էն գլխից ամբողջ ճշմարտությունը չի ասվել մարդկանց, դա արդեն թողնում եմ իշխանության խղճին, իրենց վարած քաղաքականության անգրագիտությանը:

– Երբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհուպ երկրի նախագահ, բացահայտ նոր պահանջներ են ներկայացնում Հայաստանին, միջամտում Հայաստանի ներքին գործերին, այս պարագայում արդարացվա՞ծ է խոսել տվյալ պետության հետ խաղաղություն 

հաստատելու մասին, ասել, թե՝ «անկախ Ադրբեջանի վարքագծից, մենք պատրաստ ենք զորքերը միակողմանի հետ քաշել, մինչև վերջ գնալ խաղաղության օրակարգով», ինչպես անում են Հայաստանի իշխանությունները։

– Եթե ես լինեի Հայաստանին գործող վարչապետը, ապա իմ խոսույթը լրիվ այլ կլիներ: Իհարկե ոչ մեկս պատերազմ չի ցանկանում, բայց դիվանագիտության հնարավորությունները շատ ավելին են, քան պատերազմական գործողություններինը։ 

Մեկ օրվա մեջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծին եկան տեղակայվեցին ադրբեջանական կանոնավոր զորքերը, իսկ հետո սահմանազատում ու սահմանագծում չարվեցին, թեև վարչապետը խոսում էր, թե այդ հարցով պայմանավորվածություն կա։ 

Մեկ օրվա մեջ նաև Կապանի օդանավակայանի գլխին եկան նստեցին ադրբեջանական զինված ուժերը, այնտեղ նույնպես որևէ սահմանագծում չեղավ։ Հիմա ասել՝ սա տանք, հետո կանցնենք մյուս տարածքներին, մեղմ ասած, ընկալելի չէ, Ալիևն ինչ պահանջում է՝ հլու-հնազանդ անում են՝ աչքի առաջ ունենալով «Խաղաղության խաչմերուկը»։ 

Խաղաղությունը շատ լավ բան է, ու հավերժ թշնամանք էլ հնարավոր չէ, բայց մի անգամ էլ եմ ձեզ հետ հարցազրույցի ժամանակ ասել, որ Հայաստանի իշխանությունը անատամ կեցվածք է ցուցաբերում, որից հետո գործող իշխանության մունետիկները փորձեցին ինձ դասեր տալ, բայց ինչպես տեսնում ենք, նրանց գործողությունները նույն գծի մեջ են: Անընդհատ մեղավորների փնտրտուքի մեջ մնալ, չնկատելով սեփական սխալները, վերջը բերելու է մի կետի, որի վատթարագույն հետևանքները զգալու ենք բոլորս։