«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել․ պատճառն ուկրաինական զինուժի ավիահարվածներն են

01/04/2022

Ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի թելեգրամյան ալիքին հղումով։

«Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճաների բոլոր ծառայությունները։ Միջոցներ են ձեռնարկվում այն չեզոքացնելու ուղղությամբ», - նշել է Գլադկովը։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհի հետևանքով տուժել է պահեստի երկու աշխատակից, որոնք արդեն ստացել են առաջին բուժօգնություն և որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ Գլադկովը հայտնել է, որ հրդեհը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածով։ Նրա խոսքով՝  ուկրաինական զինուժի երկու ուղղաթիռ է ներխուժել Ռուսաստանի տարածք։

«Նավթի պահեստում հրդեհը բռնկվել է ցածր բարձրության վրա Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Զոհեր չկան»,- գրել է նա։