«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում իշխանափոխություն չի լինի. Աշոտ Ներսիսյան

10/05/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Երեկվա մեր էջում իմ փոքրիկ գրառումը ավարտվում էր հետևյալ տողերով՝ <<Արդեն իրավիճակից պատվով դուրս գալը կարող է ենթադրել դուրս գալ առանց իշխանափոխության նաև, որը նույնպես շատ նուրբ արվեստ կդառնա` դիմագիծը մաքուր պահելու տեսանկյունից>>: Հիշյալ գրառումը մենք կատարել էինք դեռևս ժամը 16․00․-ին սկսված միտինգից առաջ։ Միտինգի հենց սկիզբը ցույց տվեց, որ ճիշտ էր մեր այս կանխատեսումը, որը նշում ենք առանց մարգարեանալու նշույլի անգամ։ Գուրգեն Մելիքյանի կրակոտ ելույթը, որն ավարտվեց Յուրի Սահակյանից մի բանաստեղծության արտասանությամբ, արդեն իսկ ազդակ էր, որ բազմահազար ժողովուրդը նորից գլորվում էր հուսախաբության դաշտ։ Իրոք ինչ որ բան էր տեղի ունեցել, որը պարզ երևաց նաև Բագրատ սրբազանի խոսքից, որի ուշադիր ունկնդրողները կհասկանային, որ նա իշխանափոխության հարցում թերևս ինչ-ինչ ուժերի պարտադրմամբ ներառում էր նահանջ։ Եթե ոմանց թվում է, որ նրա կողմից հրաժարականի պայմանաժամի դրական արդյունքին ինքն իսկ հավատում էր, չարաչար սխալվում են։ Հակառակ դեպքում կստացվի, որ նա քաղաքականությունից հեռու, ռոմանտիկ անձնավորություն է։ Բայց եկեղեցին, ինչպես վկայւոմ է մեր դարավոր պատմությունը, միշտ էլ եղել է քաղաքականացված։ Իշխանափոխությունը ենթադրում է, մանավանդ հոծ զանգվածի առկայության պայմաններում պարտադրանք, քանի որ այդ պարագայում կաթվածահար կլինեն ուժայինները։ Բայց նա պայմանաժամի լրանալուց հետո ընտրեց մի ճանապարհ, որը դյուրահավատներին կարող է ներշնչել միայն, որ արդյունավետ կլինի։Թերևս նա ճիշտ էր այն առումով, որ կարող էր արյունահեղություն լինել, բայց դա անհրաժեշտ էր հաշվարկել սկզբից։ Արդյունքում կիրառվեց նոր մարտավարություն՝ հեղափոխությամբ իշխանափոխությունից հետնահանջի <<նուրբ արվետը՝ դիմագիծը մաքուր պահելու տեսանկյունից>>։ Անշուշտ սրբազանին հրահանգ է իջել ի իր տիրոջից՝ պայմանավորված այն փոխզիջումներով, որոնք նախօրեին տեղի էին ունեցել Մոսկվայում և որտեղից հրահանգը չէր կարող անտեսել կաթողիկոսը։ Հատկանշական է, որ ամբիոնին չմոտեցավ ոչ նրա գլխավոր աջակից Աջապահյանը, ոչ էլ այն անձինք, որոնք նրա հետ էին։ Խնդիրը գնաց խորհրդարան, ուր պետք է անվստահություն հայտնվի վարչապետին, որի արդյունավետության վրա խիստ կասկածում ենք։ Իսկ անվստահության ակցիաները ընդամենը երևույթները փրկելու համար են, քանի որ, եթե դու չես կարողանում բազմահազարանոց, քեզ հավատացող ժողովրդով հասնել իշխանափոխության, ապա՝ դրան անհնար է հասնել ակցիաներով։ Դա ավելի անվստահություն կներշնչի, որը նշանակում է իշխանափոխությունից հրաժարվելը չի ընթանալու <<շատ նուրբ արվեստով՝ դիմագիծը մաքուր պահելու համար>>։ Այդ անվստահությունը կարելի էր փորձել հայտնել մինչև այս շարժումը։ Արդյունքում ինչ շահեցինք՝ հեղինակազրվել սկսեց Հայոց եկեղեցին, որի մեջ հայ ժողովուրդը փնտրում էր իր հույսերի վերջին մարմնավորողին և լրիվ իմաստազրկվեց իշխանափոխության ցանկացած շարժում։ Անկախ այն հանգամանքից, թե ովքեր կվատանան և ովքեր կուրախանան, Փաշինյանը դեռ կմնա։ Նա ձեռնտու է թե Արևմուտքին և թե Ռուսաստանին։ Իսկ ով ցանկանում է հասկանալ, թե ինչու, թող կարդա մեր նախորդ գրառումը։ Մի բան ակնհայտ է, որ չենք սխալվել, երբ միշտ պնդել ենք, որ Հայաստանում առանց դրսի աջակցության անհնար է իշխանափոխություն։ Հարկավ, դա մռայլ կանխատեսում է, որը չիրականանալը միայն մեր ուժի և միասնականության վկայությունը կլիներ։