«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան ոչ միայն վարում է ժխտողական քաղաքականությունը, այլև փորձում է ներազդել մեր պատմական հիշողության վրա. Սաֆրաստյան

24/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ձեր դիտարկումներն եմ խնդրում նախորդ օրը Էրդողանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ, որում նա խորհուրդ է տալիս Հայաստանին «դեն նետել անհիմն հիշողությունները» ու փորձել «ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ իրական հիմքերի վրա»։

– Թուրքիայի պետությունը, այս անգամ՝ ի դեմս Էրդողանի, շարունակում է Հայոց ցեղասպանության, պատմական իրականության ժխտման ու կեղծիքների քաղաքականությունը, այսինքն՝ Էրդողանը շարունակում է տասնամյակներ շարունակ Թուրքիայի որդեգրած գիծը։ 

Երկրորդ՝ ինչպես արդեն երկար ժամանակ ասում եմ, Թուրքիան ոչ միայն վարում է այդ ժխտողական քաղաքականությունը, այլև փորձում է ներազդել մեր պատմական հիշողության վրա, որ մենք հրաժարվենք մեր պատմության այդ շրջանից։ Ինչպես կշարունակվի կեղծիքների շարանը Թուրքիայի կողմից, այնպես էլ կշարունակվի այս ներազդեցության փորձը ու ավելի կուժեղանա մոտ ապագայում։ 

Երրորդ՝ այո՛, տարածաշրջանում ստեղծվում է նոր իրավիճակ, նոր ստատուս քվո է ձևավորվում։ 2020 թվականին՝ պատերազմից հետո, այն ստատուս քվոն, որ կար, փոխվեց, ու հիմա պետք է ստեղծվի նորը: Այդ նորը ստեղծելու ճանապարհին են, ու Թուրքիան այստեղ մեծ հավակնություններ ունի, որ այս նոր ստեղծվելիք ստատուս քվոյի պայմաններում ինքը դառնա տարածաշրջանի ամենակարևոր ուժը՝ փոխարինելով Ռուսաստանին, քանի որ մինչև 2020 թվականը, ըստ էության, Ռուսաստանն էր տարածաշրջանում ամենակարևոր ազդեցություն ունեցող երկիրը։ 

Հիմա Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանի կարևոր ուժը, ու այդ նոր իրադրությունը, որ ինքն ասում է, կարծում եմ, առաջին հերթին դա նկատի ունի, որ Թուրքիան զգում է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում էլ ավելի թուլացնել ու դառնալ առաջին գործող վեկտորը։ 

– Կարո՞ղ ենք ասել, որ նա նաև առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, դրա համար էլ առաջարկում է Հայաստանին «նոր ճանապարհային քարտեզներ ստեղծել»։

– Այո՛, համաձայն եմ ձեր դիտարկմանը։ Հիմա Թուրքիայի քաղաքականության նպատակն է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրի պայմանագիր այն առավելապաշտական պայմանների հիման վրա, որն առաջադրում ու պահանջում է Ադրբեջանը։ Թուրքիայի նպատակը դա է, ու իրենք շատ հստակ էլ ասում են, որ մինչև դա չստորագրվի, Հայաստանի հետ հարաբերություններում ոչ մի բան չի փոխվի, այսինքն՝ սահմանը փակ կմնա։

– Պարո՛ն Սաֆրաստյան, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերյալ…

– Չեմ կարդացել։

– Այնուամենայնիվ, մեկ հատված մեջբերեմ ու հարցս ձևակերպեմ. «Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր են հոսում»։ Հայոց ցեղասպանությունը տարածքայի՞ն խնդիր է եղել մեզ համար, խնդրի էությունը նենգափոխո՞ւմ են հիմա։

– Հայաստանը տասնամյակներ շարունակ, փոփոխական հաջողությամբ, վարել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականություն: Այդ քաղաքականությունն իրականացնելիս հասել ենք զգալի հաջողությունների, աշխարհի ավելի քան 30 երկիր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում այնպիսի կարևոր երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլն։ Որոշ երկրների պարագայում, ես կասեի, շատ կարևոր է եղել սփյուռքի դերակատարումը, սփյուռքն ավելի մեծ դերակատարում է ունեցել, քան Հայաստանը։ 

Հայաստանի ոչ մի ղեկավար Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել, թուրքերն ընդհանուր միշտ ասում են, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի, բայց մենք չենք ունեցել բարձրագույն ղեկավար, որ Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնի։ Մենք՝ պատմաբաններս, կարող ենք ասել, որ Սևրի պայմանագիրը արդարացի էր և այլն, բայց պաշտոնապես Հայաստանը Թուրքիայի նկատմամբ երբեք տարածքային պահանջ չի ունեցել։

 – Այսինքն՝ Ցեղասպանության մասին խոսելու, հիշելու բուն էությունը ոչ թե տարածքների վերադարձի հա՞րցն է, այլ՝ այն ճանաչելը, պատժե՞լը։

– Պատժելը, ու կա նաև հատուցման խնդիր, որովհետև Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, իսկ ծանրագույն հանցագործությունները պետք է պատժվեն։ Պատիժը կարող է դրսևորվել հատուցման ձևով, ինչի տարբեր ձևեր կան, բայց մինչ օրս Հայաստանը հատուցում ստանալու համար պաշտոնապես չի դիմել որևէ ատյանի, որովհետև ներկայիս միջազգային իրավունքը հնարավորություն չի տալիս այդ հատուցման պահանջով դիմել որևէ դատարան։ 

Ամենակարևոր ու ամենապարզ հանգամանքներից նշեմ մի քանիսը․ 1948 թ. ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայում, որն ամբողջ աշխարհում Ցեղասպանության դատապարտման հիմնարար փաստաթուղթն է, պետության պատասխանատվության խնդիր չի դրվում, չկա, պատասխանատվությունը դրվում է հանցագործությունը կազմակերպած ու իրականացրած անձանց վրա։ 

Պարզ է, որ հիմա թալեաթներ, ջեմալներ ու էնվերներ չկան, պատասխան պետք է տա Թուրքիայի պետությունը, բայց այնտեղ նշված չէ պետության պատասխանատվության մասին։ 

Ի դեպ՝ երբ նախապատրաստվում էր այդ փաստաթուղթը, սկզբնական տարբերակում այդ հարցը դրված է եղել, բայց այն ժամանակաշրջանի մեծ տերությունները՝ Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ն, միասին դեմ են եղել, որ պետության պատասխանատվության խնդիր դրվի, քանի որ երկուսն էլ վախեցել են, որ հետո դա կարող է իրենց դեմ օգտագործվել։ Այսօր բազմաթիվ մասնագետներ դժգոհ են 48 թվականի կոնվենցիայից, կարծում են, որ դա պետք է լրացվի, ու շատերը հանդես են գալիս պահանջով, որ կոնվենցիայի տեքստում մտցվի պետության պատասխանատվության մասին դրույթ: