«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերջերս ադրբեջանցի մարզիկներն ինձանից անպակաս են. Հովհաննես Բաչկով

08/11/2021

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի Աշխարհի առաջնությանը  նվաճեց իր կարիերայի չորրորդ բրոնզե մեդալը։ Ոսկին ու արծաթն իրենց տեղը զիջեցին, ինչպես մարզիկն է ասում , զուտ այն պատճառով , որ Օլիմպիական խաղերից հետո լիարժեք հանգստանալ ու լավ մարզավիճակը վերականգնել չէր հասցրել։
«Օլիմպիական  խաղերից հետո չէի պատկերացնում, որ պետք է մասնակցեմ Աշխարհի առաջնությանը, միտք չունեի, ուզում էի պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել, բայց հանգամանքներից ելնելով՝ մասնակցեցի։ Հնարավորություն կար Աշխարհի չեմպիոն դառնալու, բայց իջել էի զրոյական մակարդակի, հանգստի էի տվել ինձ, քիչ ժամանակ կար մարզվելու»,- ասել է մարզիկը։

Իսկ մարզիչները՝ մարզիկների հետ, դժգոհ են մրցավարական կազմի կողմնակալ վերաբերմունքից։ Թայլանդցի մարզիկի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն Բաչկովին զրկել են հաղթանակից, ինչը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկեց ու պատմության մեջ առաջին անգամ 1/4 եզրափակիչի արդյունքները վերանայվեցին, հաղթանակը շնորհվեց գյումրեցի բռնցքամարտիկին։
«Պատմության մեջ առաջին անգամ փոխվեց որոշումը, իսկ բողոքարկումներ միշտ են եղել, ուղղակի եղել են, որ չեն ընդունել, եղել են, որ ընդունել են, բայց չեն փոխել, այս անգամ վառ ու ակնհայտ երևում էր, որ հաղթել եմ, չէին կարող հենց այդպես թողնել ու հաշվի չառնել»,- նշում է Բաչկովը։

Կիսաեզրափակիչում Հովհաննեսի պայքարը արծաթե մեդալի համար էր, բայց նրա մրցակցի  օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Էնդրի Կրուզինի ուժերն առավել գտնվեցին և գյումրեցի մարզիկը  նվաճեց բրոնզե մեդալ։ Հովհաննեսի համար սակայն ամենակարևոր մենամարտը ադրբեջանցու հետ էր, ում հաղթեց 3։1 հաշվով։
«Հա, ինձանից էս վերջերս անպակաս են ադրբեջանցի մարզիկները, ինչ ասեմ․․․Նրանց հաղթում եմ։ Ճիշտ է պատասխանատվությունը մեծ է, որ առաջին հենց մենամարտերում նրանց հետ ես հանդիպում, բայց երևի իրենք ինձանից արդեն ավելի շատ են զզվել, քան ես իրենցից։ Ռինգում բոլորն էլ թշնամի են»,- ասել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը։


«Հովհաննես Բաչկովն արդեն համաշխարհային կարգի բռնցքամարտի աստղերից մեկն է, նա գրեթե  երեք տարի  գրոհում է չեմպիոնական բարձունքներ, չէին կարող այդ մենամարտը այդպես թողնել ու չփոխել, չէին կարող Բաչկովին զրկել մեդալից ու հաղթանակից, նա արժանի բռնցքամարտի է»,- նշել է արզիչ Կարեն Ղազարյանը։

Աշխարհի առաջնությունը  բռնցքամարտիկների համար տարվա վերջին միջազգային մրցաշարն էր։ Մարզումները և ուժերն այժմ պետք է կենտրոնացնեն հաջորդ տարվա Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների համար։