«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրիայի կանցլերը հերքել է, որ Վիեննան համաձայնել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

27/04/2022

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հերքել է այն տեղեկությունները, թե Վիեննան համաձայնել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։

«Վիեննան ռուսական գազի համար ռուբլով չի վճարի»,- գրել է նա Twitter-ում՝ այդ հաղորդումները «ռուսական քարոզչության կեղծ լուրեր» անվանելով։ Նրա խոսքով՝ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը «բնականաբար շարունակում է Ռուսաստանից գազի մատակարարումների համար եվրոյով վճարել»։ «Ավստրիան մինչեւ վերջ հավատարիմ է ԵՄ-ի բոլոր համատեղ համաձայնեցված պատժամիջոցներին»,- հավելել է կանցլերը:

Նրա խոսքով՝ Ավստրիա ռուսական մատակարարումները շարունակվում են առանց սահմանափակումների։ Սակայն նա հավելել է, որ իշխանությունները փորձում են այլընտրանքային աղբյուրներ գտնել։

Ավստրիան իր գազի 80 տոկոսը ստանում է Ռուսաստանից։ «Պատերազմի սկզբից մատակարարումների ծավալները չեն փոխվել։ Ավելին, դրանք ավելացել են»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Կառլ Նեհամմերը։

Նա եւ էներգետիկայի նախարար Լեոնոր Գեւեսլերը հավելել են, որ կառավարությունը մինչեւ 5 միլիարդ եվրո է դրել բյուջե՝ մինչեւ աշուն գազի ազգային պաշարները 80 տոկոսի հասցնելու համար՝ այժմյան 18 տոկոսից՝ ի լրումն այս տարի գազի ռազմավարական պաշարի համար նախատեսված 1,6 միլիարդ եվրոյի:

Նեհամմերը կրկնել է, որ երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հավաստիացրել է իրեն, որ Ավստրիան կշարունակի ստանալ պայմանագրով նախատեսված գազի ծավալները, եւ Ավստրիան կարող է շարունակել «Գազպրոմբանկ»-ում ավանդադրված եվրոյով վճարել, որն այնուհետեւ դրանք կփոխի ռուբլու, հայտնում է Reuters-ը։

Նեհամմերն ասել է, որ Ավստրիան հրաժարվել է օգտվել «Գազպրոմբանկ»-ի միջոցով վճարային համակարգից։

Միեւնույն ժամանակ, Նեհամմերը հայտարարել է, որ մատակարարումները երաշխավորված չեն, քանի որ Ավստրիային մատակարարող խողովակաշարերն անցնում են Ուկրաինայի տարածքով, եւ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես կզարգանա պատերազմը:

Նեհամերի խոսքով՝ աշխատելով Եվրահանձնաժողովի հետ՝ Եվրամիության անդամ երկրների համար համատեղ գնումների շուրջ, Ավստրիան եւ նրա մասամբ պետական նավթային OMV ընկերությունը ձգտում են գազի լրացուցիչ մատակարարումներ ապահովել: «Կա նորվեգական գազ, կա գազ Ադրբեջանից՝ ինչպե՞ս ստանանք գազի այս ծավալները»։