«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարությունն առաջարկում է պատասխանատվություն սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար․ օրինագիծ

21/02/2023

Հայաստանի կառավարությունն առաջարկում է պատասխանատվություն սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

Այսպես, քրեորեն պատժելի են համարվելու բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լրիվ կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերը։ «Գործող օրենսդրությամբ նման արարքների համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Փոփոխության ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լրիվ կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունների համար նախատեսվում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով»,-ասաց փոխնախարարը։ 

Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար նախատեսված են տարբեր տեսակի պատիժներ՝ տուգանք կամ կարճ կալանք երկու ամիս ժամկետով, մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում։ «Իսկ նման կոչերի համար հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման դեպքում խախտողներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում»,-հստակեցրեց Բալյանը:

Բավականին երկար ու բուռն քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: