«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավելացնելու ոչինչ չկա. Զախարովան՝ Լաչինի միջանցքի հարցով Լավրովի խոսքերի մասին

09/03/2023

Անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելեց, որ ինչ վերաբերում է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած զինված միջադեպին, ապա բոլոր գնահատականները տրված են հայտարարության մեջ, մեկնաբանության մեջ, որը տեղադրվել է ԱԳՆ կայքում մարտի 6-ին:

Բացի այդ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, թե Լաչինի միջանցքում ինչ տեխնիկական աջակցության միջոցների մասին է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը խոսել Բաքվում։

Նրա խոսքով՝ թեմայի զգայունությունը հաշվի առնելով՝ չի կարող մանրամասներ ներկայացնել։ Զախարովան միայն նշեց, որ ՌԴ-ն շարունակում է ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը։

՛՛Սերգեյ Լավրովի ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։ Մանրամասների մեջ մտնելը, հրապարակավ քննարկելը, կարծում եմ, անիմաստ է՝ այս հարցի զգայունության պատճառով: Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը՛՛,-ասաց նա։

Զախարովայի խոսքով՝ այդ շփումները պահպանվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ՌԴ ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին Բաքվում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Նա պարզաբանել է, որ անցակետերի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել այն կասկածները, որ միջանցքն իսկապես օգտագործվում է իր նշանակությամբ։

Նշենք, որ մարտի 6-ին ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է․ ՛՛Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ։ Մարտի 5-ին տեղի ունեցավ զինված միջադեպ, որը մարդկային զոհերի պատճառ դարձավ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից՛՛: