«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՐԿՈՒ ՓԱՄՓՈՒՇՏ. ԱՐՇԱԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

12/08/2020

Գլուխ առաջին. Երբ ելք չկա…

 

Սկիզբը տե´ս https://generalnews.am/hy/article/eb9fc349601c69352c859c1faa287874/,
https://generalnews.am/hy/article/894db62f7b7a6ed2f2a277dae56a017c/
https://generalnews.am/hy/article/6fe131632103526e3a6e8114c78eb1e1/


Աքլորի առավոտյան կանչը արթնացրեց: Տղան վեր կացավ անկողնուց ու մի բաժակ սառը ջուր խմելուց հետո փորձեց վերհիշել նախորդ օրվա «փորձությունները»: Ամեն ինչ անհավատալի մղձավանջ էր թվում, բայց գեներալի հայացքը դժվար էր ինչ-որ երազային կերպարի հետ շփոթել: Այն չափազանց իրական էր:
Արթուրը փոխեց հագուստը պահարանից գտածով: Վերջապես նրա հագին մի տաք վերարկու կար: Խամրած էր ու մի երկու չափսով մեծ, բայց կարևորը,որ տաք էր:Նա դուրս նայեց պատուհանից ու նկատեց բակում կանգնած «Վիլիսը»: Նա գիտեր, որ րոպե ավել այդտեղ մնալով վտանգում էր իրեն, կարող էր կրկին նույն նկուղում հայտնվել, քանի որ գեներալի մարդիկ մոտակա շրջաններում հաստատ փնտրում էին իրեն: Արթուրը միջանցքում գտավ մեքենայի բանալիները ու առանց պապիկին զգուշացնելու, երախտագիտություն հայտնելու կամ հաջողություն մաղթելու պարզապես գողացավ նրա մեքենան: Նա խնդրելու փոխարեն նախընտրեց դիմել այդ քայլին ոչ թե, որ վատ ու անշնորհակալ մարդ էր, այլ ուղղակի վախեցավ մերժում ստանալուց: Ամեն դեպքում պապիկը այդ ընթացքում այգում ինչ-որ բանով էր զբաղված ու չնկատեց Արթուրի թաքուն հեռանալը: Վերջինս չէր էլ ցանկանում պատկերացնել պապիկի արձագանքը. այդ պահին դա ամենաքիչ մտահոգող խնդիրն էր: Այնուամենայնիվ, նա ինքն ​իրեն խոսք տվեց անպայման փոխհատուցել պապիկին` այդպիսով <<արդարացնելով>> իր այդ ստոր քայլը:
Առավոտյան աղջամուղջը վեր էր հանել գյուղի բոլոր թերությունները: Ռմբակոծությունների հետևանքով տների մեծ մասը քանդվել էին, իսկ մյուս մասը կիսափուլ վիճակում էր: Դժվար էր մի տուն գտնել, որի գոնե տանիքն ու պատուհանները վնասված չլինեին: Գյուղը համարյա ամայացած էր: Ճանապարհի վրա երևում էին այդտեղով անցած տանկի շղթայաձև հետքերը, որոնք մնացել էին չորացած ցեխի վրա: Մի տեսակ սարսափեցնող ու խորհրդավոր մթնոլորտ էր տիրում: Տեղ-տեղ դիակներ էլ էին փռված, որոնց վրա ուշադրություն դարձնող էլ չկար: Դժվար չէր գուշակել, որ գյուղը պատերազմական գործողությունների հենց կենտրոնում էր: Պարզ երևում էր պատերազմի ձեռագիրը, դրա թողած հետքերն ու հետևանքները:
Արթուրը առաջին պատահած մարդուց հարցրեց իր գտնվելու վայրը, այդ գյուղի անունը ու մայրաքաղաք տանող ճանապարհը: Գյուղից դուրս գալով՝ նա խորը շունչ քաշեց: Մեքենայի շարժիչը զարմանալիորեն լավ էր աշխատում չնայած, որ ընդհանուր առմամբ մեքենան ավելի նման էր ժանգոտված երկաթե սայլի: Վառելիք ձեռք բերելը նույնպես խնդիր էր:
Ամբողջ ճանապարհին Արթուրն, իր սովորության համաձայն, ընկղմված էր մտքերի մեջ: Նա դժվարանում էր որևէ լուծում գտնել: Հնարավոր չէր մորը ոչինչ չպատմել, քանի որ նա նույնպես վտանգված էր: Մյուս կողմից էլ, ամենից շատ նա խուսափում էր մորը ինչ-որ բանում հուսախաբ անելուց: Մարտինը լրիվ մենակ էր ապրում, իսկ ինքը չէր կարող փախչել, մորը միայնակ թողնել՝ առանց խնամողի, առանց որևէ բացատրություն տալու: Նրա կյանքում ամենաթանկ մարդը մայրն էր: Տանը մնալը նույնպես բացառվում էր, քանի որ անկասկած նրան առաջին հերթին այդտեղ կփնտրեն: Հարկավոր էր շտապ գտնել Մարտինին ու ամեն ինչ համաձայնեցնել նրա հետ, քանի դեռ գեներալը ավելի շուտ չէր բռնել նրանցից որևէ մեկին: Այս անգամ վրեժից խույս տալ անկասկած չէր հաջողվի:
Նմանատիպ մտքերից ու լարված կերպով ճանապարհին հետևելուց հոգնելով, Արթուրը տրորեց աչքերն ու սկսեց մեքենան ուսումնասիրել: Նա կողքի նստարանի վրա դրված գրքույկ նկատեց, որի վրա մեծ տառերով գրված էր. «ՀԻՆ ԱՐՔԱՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԸ»:
Արթուրը բացեց առաջին էջը, որը սկսվում էր հետևյալ ութ տողով.
Կանգնած ես նորից անդունդի եզրին
Ի°նչն է կործանում անպարտ արքային
Հայտնվի՛ր կրկին անդունդի խորքում.
ի՞նչն է բանվորին թագավոր կարգում.
Արևն է նորից լեռների վրա,
Չեն սպառվում երբեք շողերը նրա:
Սարերը երբեք արգելք չեն նրան
Ծագի՛ր ամեն օր արևի նման:

Արթուրը փակեց գիրքը, նետեց հետևի նստարանին ու նույն կերպ շարունակեց ճանապարհը: Ուղևորությունը մի անգամ ընդհատվել էր վառելիքի վերջանալու պատճառով,իսկ երկրորդ անգամ՝ մեքենայի անսարքության: Սակայն խոչընդոտները բարեհաջող հաղթահարված էին և վերջապես նա մոտեցավ քաղաքին: Արթուրը քաղաք չմտած կանգ առավ, կողպեց մեքենայի դռները, իսկ ճանապարհի մնացած մասը ոտքով շարունակեց: Եվս մեկ ժամ ու Արթուրը հարազատ բակում էր:
Բակում հանդիպած ծանոթ դեմքերը մի փոքր ուրախացրին: Ավելորդ հարցերից խուսափելու նպատակով նա ոչ ոքի չմոտեցավ, այլ շտապեց տուն: Դուռը բացվեց, շտապ քայլերը ուղղվեցին հյուրասենյակ: Արթուրի ժպիտով լի դեմքին հակասեց մոր անսպասելի բարկությունը: Խեղճ տղան մոռացել էր, որ երկու օր էր, ինչ անհայտ կերպով անհետացել էր աշխատանքի վայրից:Մայրը տեղ չէր թողել, ամեն տեղ փնտրել էր որդուն, բոլորին հարցուփորձ արել ու երկու գիշեր չէր քնել: Անգամ քեռին էր տեղյակ Արթուրի անհետանալու մասին:
Տեսնելով Արթուրին, մայրը վեր թռավ նստած տեղից, միանգամից արցունքոտվեց ու տիրապետումը ակնթարթորեն կորցրած սկսեց բղավել.
- Ու՞ր ես կորել հիմար: Քիչ մնաց գժվեի: Ի°նչ ասես անցավ մտքովս, - այնուհետև տեսնելով տղայի ծեծված երեսը ավելի բորվոքվեց, - էս ի՞նչ է վիճակդ. ես գիտեի, որ դու ինչ-որ մութ գործերի մեջ ես: Վերջերս ինքդ քեզ նման չես:
- Մա'մ մի րոպե… ամեն ինչ կբացատրեմ, եթե թույլ տաս խոսել, Արթուրը փորձեց հանգստացնել մորը:
- Ինպե՞ս կարող էիր այդպես վարվել հետս: Ես քեզ նման կերպ չեմ դաստիարակել: Գնալով համոզվում եմ, որ հորդ ես նմանվում…դե արդեն հերիք է տանջեք ինձ: Էլ չեմ ուզում ոչ մեկիդ տեսնել: Կես մարդ եմ դարձել ձեռքներդ... Ես քեզ հարյուր անգամ ասել եմ, որ քո բոլոր խնդիրների մասին պատմես ինձ, բայց միշտ դու նույն կերպ ես վարվում: Ւսկ Մարտինը՞... ու՞ր է, ինչու՞ չի երևում: Դրա խելքին ես ընկել, որ էս օրին ես ... Չէ՜.. քեզնից հաստատ մարդ դուրս չի գա,-շարունակեց մայրը առանց որդու խոսքերին ուշադրություն դարձնելու:
Արթուրը սկզբում արդարանալու անհույս փորձեր արեց, բայց ի վիճակի չեղավ զսպել զգացմունքները: Նա ամեն ինչ պատմեց մորը բոլոր մանրամասնություններով: Այդ պահին անկասկած հարկավոր էր որևէ մեկի խորհուրդը փակուղի մտած իրավիճակից դուրս գալու համար: Մայրը լսեց նրա պատմությունը՝ մի քանի անգամ չկարողանալով զսպել կուտակած բարկությունը, բայց վերջնական արդյունքում ոչ մի բառ չասաց, այլ ուղղակի ընդունեց այն հայացքը, որից տղան սարսափում էր: Երբ մոր մոտ այդպիսի դեմքի արտահայտույթուն էր նկատվում տղան կորցնում էր իրեն: Նա հաղթող էր դաստիարակվել, նրան սխալվել չէր կարելի, նրա սպասելիքները կյանքից, հաջողութություններն ու անկումները միայն իրեն չէին պատկանում. դրանցով էր ապրում նաև նրա մայրը: Ե՛վ մայրը, և՛ որդին այդ պահին հավասարապես նույնն էին զգում, չնայած որ միայն Արթուրն էր հայտնվել այդ սարսափելի իրադարձությունների կենտրոնում և ոչ մի ճարտասանական հմտություն չէր կարող փոխանցել այն ամենը, ինչի միջով անցել էր Արթուրը: Նա պատրաստ էր այդ պահին հավատալ, որ անգամ մայրն է լքում իրեն:
Պատմությունը մինչև վերջ լսելուց հետո մայրը տարօրինակ անտարբերությամբ վեր կացավ ու դանդաղ մոտենալով գրկեց որդուն այնպես, որ վերջինիս մոտ մոռացվեցին բոլորտհաճություններ պարգևող մտքերը: Արթուրին այդ գրկախառնությունը անասելի ջերմություն պարգևեց: Նա այլևս չկարողացավ զսպել արցունքները: Մի քանի կաթիլներ գլորվեցին այտի վրայով ու իրենց հետ տարան հոգու ահռելի դառնության մի փոքրիկ հատված: Մայրը խոսեց բաց չթողնելով որդուն.
- Այնքան ուժ ու կամք ունեցի՛ր , որ ոչինչ չկարողանա խլել քեզնից քո վերջին հույսը: Եթե դա էլ լքի քեզ, միևնույնն է մի՛ հանձնվիր: Միշտ էլ այն հետ ստանալու ճանապարհ կա:
Արթուրի աչքերը փակ էին, ուստի այդ խոսքերը հնչեցին մթության մեջ: Դրանք ընկղմվեցին նրա գիտակցության ընդհատակը ու թաքնվեցին մի թաքուն անկյունում: Մայրական խորհուրդները երբեք սխալ չեն լինում, իսկ Արթուրի մոր դեպքում դրանք ունեին ոսկերչի ճշգրտություն: Ճիշտ է, մոր միակ մինչև վերջ կարդացած գիրքը Աստվածաշունչն էր, սակայն գաղտնիք չէ, որ ամենևին դրանով չի որոշվում իմաստության սահմանը: Նա ըմբռնում էր կյանքի խորությունը, այնպես, որ կնախանձեին անգամ իրենց գահին բազմած թագավորները՝ դատավճիռ կայացնելիս:


(Շարունակելի)