«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարդիկ եկամուտները պիտի խնայողաբար օգտագործեն, հակառակ դեպքում ամիսներ անց ինչպես պետությունը, ընկերությունները, այնպես էլ իրենք կարող են սնանկ վիճակում հայտնվել. Սուրեն Պարսյան

08/01/2021

2020 թ-ը առևտի ոլորտի համար բավական ծանր տարի էր, առևտրի ոլորտը ընդհանուր առմամբ գրացել է 13,6 տոկոս անկում։ Ավելի մեծ անկում գրանցել է մանրածախ առևտուրը՝ 24 տոկոս, իսկ մեծածախ առևտուրը՝ 12 տոկոս։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ ընդգծելով, որ սա պայմանավորված է տարբեր գործոններով՝ առաջինը, որ բնակչության եկամուտները նվազել են, կրճտվել են 1000-ավոր աշխատատեղեր, որոնց եկամուտները բնականաբար, նվազել են:

«Միաժամանակ, այս տարի ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի, իսկ մեկնողներն էլ ավելի քիչ գումար են ուղարկել իրենց հարազատներին։ Այսինքն, նրանց ուղարկվող գումարով կատարվող սպառումը ևս կրճատվել է։ Երրորդ գործոնը ներդրումներն են։ Այս տարի մենք ունեցանք ներդրումների կրճատում, ավելին՝ կատարված ներդրումներից ստացված շահույթը ոչ թե ներդրվել է Հայաստանում, այլ տարել են դեպի իրենց երկրները։ Տնտեսության վրա պատերազմը ևս մեծ ազդեցություն է թողել»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ մենք ունենք 5000-ից ավելի զոհ, մոտ 15 000 վիրավոր, որոնց մեծ մասը աշխատող մարդիկ էին, ովքեր ևս դադարել են աշխատել և շահույթ ստանալ։ «Այսինքն, մենք ունենք լուրջ խնդիր՝ տնտեսության մեջ տարբեր եկամուտների աղբյուրներ են կրճատվել և նվազել, առանձին դեպքերում՝ նաև դադարել և, բնականաբար, դա իր արտացոլումն է թողնում առևտրի վրա։ Բացի այդ՝ ճգնաժամի ժամանակ մարդիկ հակված են կրճատել երկարաժամկետ գնումները կամ շքեղության, այսինքն, ոչ առաջին անհրաժեշտության գնումները, օրինակ, անշարժ գույքի, զարդեղենի, անգամ հագուստի գնումներն են մարդիկ 2020 թ-ի ընթացքում կրճատել։ Սա նույնպես ճգնաժամերին բնորոշ երևույթ է»։

Պարսյանն ընդգծեց, որ մարդկանց եկամուտների նվազման մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ այս տարվա վերջին 3-4 ամիսների ընթացքում նվազել են ավանդները։ «Սա պայմանավորված է ինչպես մարդկանց եկամուտների նվազմամբ, այնպես էլ բանկային համակարգի նկատմամբ որոշակի բացասական սպասումներով։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մարդկանց խնայողությունները այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ նվազել են, քանի որ շատերը չեն աշխատել ու իրենց խնայողություններն են ծախսել։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն բանկերում ներդրված գումարների մասին է, այլև այսպես ասած՝ «դոշակի տակ դրված խնայողություններն» են նվազել ու մարդիկ ավելի քիչ գնումներ են կատարվում։ Ընդհանուր առմամբ մարդկանց խնայողությունները նվազել են և մարդիկ ավելի զուսպ են գնումներ կատարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ թե տևելու է մի քանի ամիս, ինչպես կառավարությունն է կարծում, այլ մեկ տարուց ավելի, ճգնաժամի վերականգնման շրջանը կարող է տևել ընդհուպ՝ մի քանի տարի»։

Ըստ նրա՝ 2021 թ-ը տնտեսական, ֆինանսական տեսանկյունից բավական խնդրահարույց տարի է լինելու։ «2021 թ-ի պետական բյուջեի ծախսային մասի համաձայն՝ 2020 թ-ի բյուջեի համեմատ նվազել է 7 տոկոսով եկամտային մասը՝ 9 տոկոսով։ Այսինքն՝ 2021 թ-ին՝ ֆինանսական տեսանկյունից ունենք նահանջ տարի՝ պետությունը ավելի քիչ ծախս է պլանավորել անել, նշանակում է, որ հասարակությունը և բիզնեսը նույնպես իր եկամուտները և ռեսուրսները ավելի խնայողաբար և արդյունավետ օգտագործի, հակառակ դեպքում ամիսներ անց ուղղակի ինչպես պետությունը, ընկերությունները, այնպես էլ մարդիկ կարող են սնանկ վիճակում հայտնվել։ Մարդիկ դա հրաշալի հասկանում են ու խնայողություններ են անում՝ ճգնաժամը հաղթահարելու համար»։