«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել

31/05/2022

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել։ Սա Իսրայելի եւ արաբական երկրի միջեւ առաջին նման համաձայնագիրն է, որը հիմնված է 2020 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման պայմանագրի վրա, հայտնում է AFP-ն։

Արաբական Միացյալ Էմիրություններում Իսրայելի դեսպան Ամիր Հայեկը Twitter-ում «մաբրուկ»՝ շնորհավորանք է գրել՝ Դուբայում ստորագրման արարողության ժամանակ էմիրաթցի եւ իսրայելցի պաշտոնյաների լուսանկարով: Նրանց ձեռքին ստորագրման փաստաթղթերն են։

Իսրայելում ԱՄԷ-ի դեսպան Մուհամմեդ Ալ-Հաջան գործարքն անվանել է «աննախադեպ ձեռքբերում», որը վերացնում է մաքսատուրքերը վաճառվող բոլոր ապրանքների 96 տոկոսի համար:

«Երկու երկրներում էլ բիզնեսը կշահի շուկա ավելի արագ մուտքի եւ ավելի ցածր մաքսատուրքերի շնորհիվ, քանի որ մեր երկրները միասին աշխատում են առեւտուրն ընդլայնելու, աշխատատեղեր ստեղծելու, նոր հմտությունները խթանելու եւ համագործակցությունը խորացնելու համար»,- Twitter-ում գրել է Հաջան:

Իսրայելի տվյալներով՝ անցյալ տարի Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ առեւտրի ծավալը կազմել է մոտ 900 միլիոն դոլար։

ԱՄԷ-Իսրայել գործարար խորհրդի նախագահ Դորիան Բարաքը կանխատեսել է, որ տարածաշրջանի առաջատար տնտեսությունների միջեւ առեւտուրը շուտով կավելանա։ «ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ առեւտուրը 2022 թվականին կգերազանցի 2 միլիարդ դոլարը եւ հինգ տարում կաճի մինչեւ 5 միլիարդ դոլար՝ վերականգնվող էներգիայի, սպառողական ապրանքների եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության շնորհիվ»,- ասել է նա: «Դուբայը արագորեն կենտրոն է դառնում իսրայելական այն ընկերությունների համար, որոնք Հարավային Ասիան եւ Մերձավոր ու Հեռավոր Արեւելքը որպես իրենց ապրանքների եւ ծառայությունների շուկաներ են դիտարկում»:

Նրա խոսքով, մինչեւ տարեվերջ մոտ 1000 իսրայելական ընկերություններ կգործեն ԱՄԷ-ում։