«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հասարակությունը շոկի մեջ է, իսկ շոկի մեջ գտնվող մարդը ոչ մի բանի պատրաստ չէ, այդ թվում՝ իշխանություն փոխելու»․ Հոգեբան

29/11/2020

Հայ հասարակությունը հոգեպես պատրաստ չէր այս պատերազմին։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում հոգեբան Արկադի Մեհրաբյանը։

«Ես մարտի դաշտում եմ եղել, դա տեսել եմ։ Մենք պատրաստ չենք եղել, երբևիցե ոչ ոք ո՛չ հասարակությանը, ո՛չ առավել ևս բանակին չի պատրաստել այս պատերազմին, ինչը շատ ցավալի է։

Բանակը, առավել ևս՝ կռվող զինվորը, պատրաստ չէին այս պատերազմին։ Այսինքն՝ մահվանն ընդառաջ գնալուն պատրաստ զինվոր մենք ընդամենը մեկ տոկոս ենք ունեցել»,- ասում է Արկադի Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը սխալ արժեհամակարգի ու սխալ գաղափարախոսության հետևանք էր։

Պատերազմի օրերին մեծ թվով անձինք կամավորագրվում ու մեկնում էին ռազմաճակատ։ Հոգեբանն ասում է, որ այդ միտումը նկատվում էր, մարդիկ գնում էին մարտի դաշտ, բայց հենց բախվում էին իրականությանը, «տեսնում էինք, որ կողքներս մարդ չմնաց»։

«Իհարկե, նմանատիպ պատերազմ մենք կինոներով էլ չէինք տեսել։ Բայց եթե մարդը հանուն հայրենիքի պատրաստ է ամեն ինչի, կյանքը զոհաբերելու, իր համար էական չէ՝ ինքն ինչից է զոհվել։

Մարդ կա, որ պատճառաբանում է՝ եթե այլ կռիվ լիներ՝ կգնար, բայց դա ուղղակի պատճառաբանություն է։ Եթե դու պատրաստ ես մեռնելու, էական չէ՝ արկից ես մահանում, թե ինքնաթիռի կամ ԱԹՍ-ի հարվածից։ Մենք պատրաստ չէինք»,- հավելում է նա։

Արկադի Մեհրաբյանը պատերազմի օրերին հոգեբանական աշխատանք է տարել նաև մարտի դաշտը լքած զինծառայողների, կամավորների հետ։ Հարցին, թե ինչո՞ւ էին նրանք լքում մարտի դաշտը, մասնագետը պատասխանում է, որ պատճառը վախն է եղել։

«Նորմալ է, որ մարդիկ վախենում են մահից։ Եթե մարդը մահից չի վախենում, ուրեմն աննորմալ է։ Բայց հոգեբանական պատրաստվածության ամբողջ խնդիրն այն է, թե ինքը վախենալով՝ էլի կգնա՞ ընդառաջ, թե՞ ոչ։

Մարդ կա՝ գնում է մահվանն ընդառաջ, մարդ կա՝ չի գնում, և մեղադրելու չէ, որ չի գնում։ Այս դեպքում կա պաշտպանության նախարարության ու պետության խնդիր։ ՊՆ-ն բարոյահոգեբանական պատրաստվածության մեծ բաժին ունի, իրենք պետք է վերլուծած լինեին, զինծառայողներին պատրաստած լինեին այս վիճակին»,- ասում է Մեհրաբյանը։

Անդրադառնալով պատերազում կռված զինծառայողների մոտ առաջացող հոգեբանական խնդիրներին՝ Արկադի Մեհրաբյանը նշում է․ «Այս փուլում դեռ դժվար է ասել, թե ինչ խնդիրների ենք բախվում։ Որոշ ժամանակ է պետք, շատ խնդիրներ ավելի ուշ են ի հայտ գալու։ Ամենատարածվածը տրավմատիկ խանգարումն է։ Վախեր կարող են լինել, ուշադրության խանգարում»,- ասում է հոգեբանը։

Մասնագետի խոսքով՝ 18-20 տարեկան երիտասարդների վրա իհարկե հոգեբանական ազդեցություն են ունեցել իրենց ընկերների մահվան տեսարանները։ Բայց մյուս կողմից՝ 18-20 տարեկաններն ամենամարտունակն են եղել։

«Ինչքան իմ կողքը եղել են, ինչքան ուսումնասիրել եմ, նրանք ամենամարտունակն ու ամենապինդն են եղել։ Դա տարիքային է, իզուր չէ դա ընտրված որպես բանակի տարիք, որովհետև դա ամենամարտունակ ու դուխով տարիքն է»,- նշում է նա։

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի հայ հասարակությունը հաղթահարի հետպատերազմյան սթրեսը, Արկադի Մեհրաբյանն ասում է, որ սովորաբար 3-6 ամիսը համարվում է ճգնաժամի հաղթահարման առաջին փուլը, մեկ տարին՝ երկրորդ փուլը։

«Բայց այստեղ ելքն էլ է կարևոր. եթե մենք հաղթած լինեինք, միգուցե շատ ավելի հեշտ կլիներ թե՛ զոհերի, թե՛ վիրավորների հետ կապված իրավիճակը հաղթահարել։ Բայց մեզ մոտ կրկնակի, եռակի ընկճված վիճակ է, և դա դեռ շարունակվում է։

Սա պետք է ավարտվի, մենք ընդունենք մեր պարտությունը, որովհետև շատ մարդիկ կան, ովքեր դեռ չեն ընդունել։ Օրինակ՝ ես ամսի 17-ին եմ իջել դիրքերից, իմ ընկերները դեռ այնտեղ են, կարող է՝ մենք էլ հետ գնանք, որովհետև ասացին՝ Բերձորը չեն տալիս, իջեք։

Հիմա տղաները այնտեղից զանգեցին, ասում են՝ ոնց որ ուզում են տալ, հետ եկեք։ Այսինքն՝ մարդիկ չեն ընդունում պարտությունը։ Սա պետք է ավարտվի, վերջնական տեսքի գա, որ կարողանանք ասել, թե որքա՛ն ժամանակ հետո մենք կվերականգնվենք»,- ասում է նա։

Ըստ Արկադի Մեհրաբյանի՝ այս փուլում հասարակության մոտ բացասական բոլոր էմոցիաները կարող են դրսևորվել՝ ընկճվածություն, տագնապ, ագրեսիվություն։

«Ռեակցիայի երեք հիմնական տեսակ կա՝ փախուստ, ագրեսիա կամ կուչ գալ, ինքնամփոփ դառնալ։ Կան մարդիկ՝ ընկճվում են, ինքնամփոփ դառնում, մարդ կա՝ ագրեսիվ վարք է դրսևորում, իսկ ոմանց մոտ լինում է փախուստ խնդրից»,- նշում է նա։

Այս փուլում հնչում են իշխանության, մասնավորապես, վարչապետի հրաժարականի պահանջներ։ Ինչ վերաբերում է հարցին, թե հայ հասարակությունը պատրա՞ստ է իշխանություն փոխելուն, հոգեբանն ասում է. «Ո՛չ, մեր հասարակությունն ինչի՞ է պատրաստ, որ դրան պատրաստ լինի։ Հասարակությունը շոկի մեջ է, իսկ շոկի մեջ գտնվող մարդը ոչ մի բանի պատրաստ չէ։ Ինչ էլ անել, ինքն այդ շոկային վիճակում է մնալու»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am