«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պաշտոնյան պետք է ծառայի ժողովրդին ու հայրենիքին

«Հաշվի առնելով, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը եւ կազմավորվել կառավարությունը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով Արցախի Սահմանադրության պահանջներին, նշել է, թե «ժամանակն է պատրաստելու եւ քսանօրյա ժամկետում հրապարակելու երկրի նախագահի ծրագիրը»: Նա բոլոր լիազոր մարմիններին հանձնարարել է մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իր նախընտրական ծրագրի եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ կնքված հուշագրի վրա:

Նախագահի համոզմամբ, պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին եւ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, յուրաքանչյուրի վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին. «Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է»: Առկա մարտահրավերների պայմաններում գերակա խնդիրը եղել եւ մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության եւ ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետեւողական բարձրացումը: Ա. Հարությունյանն այդ իրողություններից ելնելով շեշտել է. «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք եւ կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, եւ զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն»»:

Նյութը` Armenpress