«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերիների, անհետ կորածների հարազատները փակել են Հանրապետության հրապարակին կից փողոցները, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել

07/12/2021

Ինչպես տեղեկացրել ենք, անհետ կորած զինվորների, գերիների հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում: Նրանք վրդովված էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից: Վերջինս, ինչպես պարզ է դառնում «Դեժավյու» տելեգրամյան ալիքի հրապարակած աղմկահարույց տեսանյութից, միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:
Ցույցի ժամանակ ծնողները որոշեցին բաժանվել խմբերի եւ փակել Հանրապետության հրապարակին կից փողոցները: Ոստիկանները փորձեցին խոչընդոտել, համոզել, չստացվեց: Ծնողներից մեկը պառկեց փողոցի մեջտեղում եւ փակեց երթեւեկությունը: Նրանք պահանջում էին, որ Ալեն Սիմոնյանը գա հրապարակ: Նրանց փոխանցվեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում կկազմակերպեն ավելի ուշ՝ չհամաձայնեցին. «1 տարի 2 ամիս է՝ կուտ են տալիս, թխսկան հա՞վ ենք: Մեր ասածն է լինելու, գալու է այստե՛ղ»:

Ծնողները փակեցին Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծը եւ երթեւեկությունը հրապարակում կանգնեցրին: Որոշ ժամանակ անց կարմիր բերետավորները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ցույց անող ծնողներին: Ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, դեղ եւ ջուր հասցրեցին: