«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Դեմբելեի հետ
17/11/2020
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկայում նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գոհ է 23-ամյա Դեմբելեի կատարած աշխատանքից և ցանկանում է, որ նա շարունակի մրցելույթներն ակումբում:
«Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել Դեմբելեի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածքների պատճառով բաց էր թողել 2019/20 մրցաշրջանի մեծ մասը:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: