«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Թուրքական վտանգը գնալով ուժեղանում է, բայց կոնկրետ այս զորավարժությունների հետ կապված՝ ես անմիջական վտանգ չեմ տեսնում». Ռ.Սաֆրաստյան

20/01/2021

ետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կարսում՝ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

«Սրանք ամեն տարի իրականացվող համատեղ, պլանային զորավարժություններ են. մեկը լինում է Նախիջևանի տարածքում, մյուսը՝ Կարսի մոտակայքում, որին մասնակցում են թուրք-ադրբեջանական զորքերը: Այս տարվա զորավարժությունը աչքի է ընկնում նրանով, որ մեծաքանակ զորքեր են ներգրավված, մեծ թիվ է կազմում այնպիսի զորատեսակների մասնակցությունը, որոնք նախատեսված են հարձակողական պատերազմի համար, մասնավորապես՝ դեսանտային ստորաբաժանումներ են մասնակցում:

Այս զորավարժությունները ոչ միայն նպատակ ունեն ուժ ցուցադրելու Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին, և պատահական չէ, որ Կարսի մոտակայքում են տեղի ունենալու զորավարժությունները, այսինքն՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ:

Վերջին տարիներին կարելի է տեսնել, որ ռուս-թուրքական հարաբերությունները մերձենալու որոշ միտում ունեն: Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են մի շարք հարցերում, մասնավորապես՝ Սիրիայում, բայց մյուս կողմից՝ երկու երկրներն էլ ռազմավարական առումով շարունակում են մնալ հակառակորդներ»,- հայտարարեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝ այս զորավարժությունները ուղեկցվում են շատ ուժեղ քարոզչական գործողություններով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից.

«Քարոզչությունն այս պահին ունի առանձնահատուկ նշանակություն, այսինքն՝ հատուկ նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրելու Հայաստանի բնակչության վրա՝ օգտվելով կրած ծանր պարտության հանգամանքից:

Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է այնպիսի վերաբերմունք ունենա այս զորավարժություններին, որ այդ քարոզչությունը չհասնի իր նպատակին, մեր բնակչության մոտ վախի մթնոլորտ չտարածվի:

Պետք է հասկանալ, որ այս խայտառակ պարտությունից, ծանր կորուստներից հետո Թուրքիայի հետ մեր սահմանը պաշտպանելու են ոչ միայն մեր բանակը, մեր սահմանապահ զորքերը, այլ նաև Ռուսաստանը:

Այնպես որ, այդ զորավարժությունների միջոցով վախի մթնոլորտ տարածելու փորձերը ես կարծում եմ, որ իրենց նպատակին չեն հասնելու:

Եթե դիտարկում ես դինամիկայով, ապա կարելի է եզրակացնել, որ Թուրքիան գնալով իր զինված ուժերը օգտագործում է, որպեսզի իր նպատակները լուծի մեր տարածաշրջանում:

Մենք դա տեսանք Արցախում, և հիմա էլ լարվածություն և ճնշում է գործադրում Հայաստանի սահմանի վրա: Եվ Թուրքիայի նման միտումը, կարծում եմ, մոտակա տարիներին կուժեղանա. գնալով ավելի լայնածավալ զորավարժություններ կիրականացնի, ավելի հարձակողական բնույթի:

Թուրքական վտանգը գնալով ուժեղանում է, բայց կոնկրետ այս զորավարժությունների հետ կապված՝ ես անմիջական վտանգ չեմ տեսնում:

Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը լրացնել, և դա նշանակում է, որ Թուրքիան մտնում է մի տարածք, որը ավանդաբար համարվում է Ռուսաստանի ազդեցության տարածք: Մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը չեն համընկնում: Թուրքիան տարածաշրջանում փորձում է թուլացնել Ռուսաստանի դերը՝ իր նպատակները իրականացնելու համար, իր ազդեցությունը լրացնելու համար, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը դա թույլ չի տալիս»,- ասում է թուրքագետը:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիան նախապատրաստելով, իրականացնելով, ղեկավարելով Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը՝ շատ մեծ ակնկալիքներ, հույսեր ուներ.

«Մասնավորապես, որ թուրքական զորքերը ռուսների հետ համատեղ կիրականացնեն խաղաղապահ առաքելություն, բայց ռուսները թույլ չտվեցին: Թուրքիան հույս ուներ, որ ինքը կկարողանա ռուսներից կորզել հնարավորություն, որպեսզի մոնիթորինգ իրականացնեն Արցախի բուն տարածքի վրա, ռուսները թույլ չտվեցին, և մոնիթորինգը իրականացվելու է տեխնիկական միջոցներով, այսինքն՝ թուրք զինվորը ոտք չի դնելու, Արցախից ինչ մնացել է, այդ տարածքի վրա:

Ռուսաստանը Թուրքիային թույլ չի տալիս, որ իր նպատակները մեր տարածաշրջանում իրականացնի, բայց միաժամանակ ռուսները գնում են որոշ զիջումների, օրինակ՝ թույլ տվեցին, որպեսզի ստեղծվի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն, և սա այն էր, ինչին հասավ Թուրքիան, ամբողջ պատերազմին մասնակցելուց, զենք ուղարկելուց, ղեկավարելուց»,- եզրափակեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ էին անցկացրել նաև հուլիսին Ադրբեջանի ողջ տարածքում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Զորավարժություններին մասնակցում էին երկու երկրների ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։