«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարածք չենք կորցնում, ինչ որ մերն է եղել, մերն է մնալու, Ադրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո. Ռուբեն Գալիչյան

11/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը 

– Պարո՛ն Գալիչյան, ապրիլի 10-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կմ տարածք ունեցող երկիրն է։ Ընդ որում՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել ու ընդունել: Որքան էլ զավեշտական հնչի` այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել ու չենք գիտակցել այս փաստը»։

– Ճիշտ է, եթե թվային եք ուզում՝ 29800 չէ, 29743 է, ճիշտ է։ Դրանք բոլորն այն քարտեզներն են, որ ժամանակին Խորհրդային գլխավոր շտաբը գծել է Հայաստանի ու Ադրբեջանի համար: Իհարկե 1926-ին Հայաստանի տարածքը եղել է 30948 քառակուսի կմ, մի քանի տարի հետո 1200 քառակուսի կմ տարածք տրվել է Ադրբեջանին Հայաստանից, հետագա խորհրդային քարտեզների մեջ հանել են Հայաստանի տարածքից դրանք, մնացել է 29743 քառակուսի կմ։

– Այդ թվային տվյալը Փաշինյանի կողմից անընդհատ վկայակոչվող Ալմա Աթայի հռչակագրո՞վ է ամրագրված։

– Այո՛, հռչակագրի մեջ էլ է այդ թիվն արտահայտված։ 

– Այսինքն՝ հիմա, եթե այդ հռչակագրով Ադրբեջանը համաձայնի գնալ սահմանազատման ու սահմանագծման, Հայաստանն ի՞նչ տարածքներ է կորցնելու կամ հետ ստանալու։

– Տարածք չենք կորցնում, ինչ որ մերն է եղել, մերն է մնալու, Ադրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո, այն բարձունքները, որ Հայաստանից գրավել է, շուրջ 220 քառակուսի կմ Սյունիքում և այլն, մի 50-60 քառակուսի կմ ուրիշ տեղերում, դրանք պետք է վերադարձնի մեզ։

– Պարո՛ն Գալիչյան, իսկ Տավուշի մարզի այս վիճահարույց հատվածնե՞րը։

– Դրանք տարբեր խնդիրներ են, որովհետև խորհրդային տարիներին ճանապարհներն այնպես են գծել, որ ճանապարհը որոշ տեղերում հենց սահմանն է: Ինչպե՞ս կարելի է այդ սահմանը բաժանել երկուսի միջև՝ դա արդեն խնդիր է, որ սահմանազատման, սահմանագծման ժամանակ պետք է այդ մասին խոսվի, ու մեր ապահովությունը պետք է նկատի ունենալ, որովհետև ադրբեջանական կողմում կանգնած անընդհատ կրակում են մեր գյուղացիների վրա: Դրա համար մերոնք որոշ շրջաններ՝ ադրբեջանական տարածքներ, վերցրել են որպես ապահովության գոտի: Նույնն էլ արել է Ադրբեջանը՝ Տավուշում մոտ 9 քառակուսի կմ հայկական տարածք է գրավել՝ իր համար ապահովություն ստեղծելու նպատակով։ 

Այս հարցերն առանձին պետք է քննարկվեն, բայց դրանք այն ժամանակ կարելի է քննարկել, երբ երկու երկիր միմյանց հանդեպ թշնամական վերաբերմունք չունի, եթե Ադրբեջանը թշնամություն է քարոզում՝ ինչպե՞ս կարելի է նրա հետ նստել խոսել, հետո տեսնել, թե սահմանի վրա որ գիծը որտեղի՛ց է անցնում, ո՞վ կվստահեցնի, որ Ադրբեջանի զինվորը չի կրակի այն հայի վրա, որը կանգնած է այդ գծի վրա և ուզում է տեսնել՝ թե սահմանը որտեղ է։

– Այսինքն՝ այս թվային ու այլ խնդիրներն առաջացան այն պահից, երբ կողմերը որոշեցին գնալ սահմանազատման ու սահմանագծմա՞ն։

– Այո՛, քանի որ սահմանագծումը կատարվել էր, որը Խորհրդային Միության կողմից ու 1991-ին վավերացվել էր, բայց եթե երկու երկիր միմյանց հետ սահմանային խնդիրներ ունեն, պետք է իրենք միմյանց հետ նստեն ու այդ խնդիրները լուծեն։ Կարող է պետք լինի՝ մի տեղ մենք հող տանք, մի տեղ էլ մենք մի քանի տարածք Ադրբեջանից վերցնենք, դա արդեն բուն գործընթացի ժամանակ պետք է խոսվի։ Օրինակ՝ 1929-30-ին Ադրբեջանին են տրվել 700-800 քառակուսի կմ տարածք՝ որպես Կարմիր Քրդստան նորաստեղծ գավառի ժողովրդի համար արոտավայր, հետո՝ 30 թվին, այն չեղարկվեց, բայց Ադրբեջանն այդ արոտավայրերը այդպես էլ հետ չտվեց, պահեց իրեն, դա արդեն իրավական խնդիր է։ 

– Ուզում եմ հասկանալ, որ նախկին իշխանությունն ասում է՝ մեր օրոք Հայաստանը քառակուսի կմ-ով ավելի շատ էր, այս իշխանությունը օր օրի կրճատում է, այս դիսկուրսը որքանո՞վ է թվային փաստերով հիմնավորված։

– Նախկին իշխանությունների ժամանակ էլ է 29743, այսօր էլ, եթե սահմանի գիծը նայենք՝ այդքան է, 70 թվականին էլ նույնն էր՝ մեկ կամ երկու կիլոմետրի տարբերություն կարող է լինել։ Եթե ասում են, թե նախկինում ավելի մեծ էր, իրականությունից շատ հեռու է: Ճիշտ թիվը սա է, որը գրված է եղել ամեն տեղ, արձանագրված է ամեն տեղ։