«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թալիբները «մեծ բանակ» են ստեղծում

21/02/2022

Թալիբները «մեծ բանակ» են ստեղծում Աֆղանստանի համար, որը նախկին ռեժիմի օրոք ծառայած սպաներ եւ զորքեր կներառի, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրում ռազմական կառույցների տրանսֆորմացման մեջ ներգրավված պաշտոնական աղբյուրը։

Թալիբների՝ ուժերի բաշխման հանձնաժողովի ղեկավար Լաթիֆուլլահ Հաքիմին հայտնել է, որ երկրի գրավման ժամանակ թալիբների ուժերն ավելի քան 300 հազար թեթեւ զենք, 26 հազար միավոր ծանր սպառազինություն եւ մոտ 61 հազար միավոր ռազմական տեխնիկա են առել վերահսկողության տակ:

Աֆղանստանի բանակը կազմալուծվեց անցյալ ամառ՝ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի գլխավորած դուրսբերումից առաջ թալիբների ճնշման տակ:

Թալիբները համընդհանուր համաներում խոստացան բոլոր նրանց համար, ովքեր կապված են հին ռեժիմի հետ, սակայն գրեթե բոլոր բարձրաստիճան պետական ​​եւ ռազմական պաշտոնյաները վերջին օրերին օդային ճանապարհով տարհանված ավելի քան 120.000 մարդկանց թվում էին:

Սակայն շարքային պաշտոնյաներից շատերը մնացին՝ վերադառնալով քաղաքացիական կյանքին, բայց՝ վախենալով բռնաճնշումներից։

ՄԱԿ-ը հունվարին հայտարարեց, որ օգոստոսից ի վեր սպանվել է հին զինված ուժերի հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ:

Հաքիմին, սակայն, պնդում է, որ թալիբների համաներումը լավ է աշխատել։ «Մահապարտ-ահաբեկիչները, ովքեր հետեւում էին տղամարդուն՝ սպանելու համար, այժմ դարձել են նույն մահապարտները, ովքեր պաշտպանում են նրան»,- հավելել է նա։

Քիչ ապացույցներ կային, որ թալիբները նախկին զինվորականներին իրենց շարքերն են ընդունում, սակայն շաբաթվա վերջին նրանք նախկին Աֆղանստանի ազգային բանակի երկու բարձրաստիճան սպաների բարձր պաշտոնների նշանակեցին պաշտպանության նախարարությունում:

Նրանք երկուսն էլ երկրի գլխավոր զինվորական հոսպիտալում աշխատող վիրաբույժներ են։

«Պրոֆեսիոնալները, այդ թվում՝ օդաչուներ եւ ինժեներներ, տեխնիկական սպասարկման անձնակազմ, նյութատեխնիկական ապահովման եւ վարչական անձնակազմ (նախկին ռեժիմից), իրենց տեղերում են անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Թալիբանի ներկայացուցիչը։

Հաքիմին ասել է, որ իրենք «մեծ բանակ կձևավորեն՝  երկրի կարիքներին եւ ազգային շահերին համապատասխան», ընդ որում, չհստակեցնելով դրա թվաքանակը: