ԵՄ-ն Ղազախստանում բոլոր կողմերին կոչ է անում խուսափել էսկալացիայից եւ բռնություններից
ԵՄ-ն Ղազախստանում բոլոր կողմերին կոչ է անում խուսափել էսկալացիայից եւ բռնություններից։ Այս մասին ասվում է Միության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել պատասխանատվություն եւ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության էսկալացիայի»,-ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում հարգել Ղազախստանում խաղաղ ցույցերի իրավունքը, սակայն ցուցարարները չպետք է դիմեն բռնության։
«Ճանաչելով խաղաղ ցույցերի իրավունքը՝ Եվրամիությունն ակնկալում է, որ դրանք տեղի կունենան առանց բռնության հրահրման։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում իշխանություններին հարգել խաղաղ բողոքի հիմնարար իրավունքը, ինչպես նաեւ ուժի կիրառման համաչափության կոչ է անում՝ անվտանգության պաշտպանության եւ միջազգային պարտավորությունների կատարման հարցում»,- ասվում է փաստաթղթում։
ԵՄ-ն նաեւ ակնկալում է Ղազախստանի իշխանություններից հարգել ԶԼՄ-ների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը։
«Ղազախստանը Եվրամիության կարեւոր գործընկերն է... Մենք Ղազախստանի կողմից պարտավորությունների կատարման հույս ունենք, այդ թվում՝ մամուլի ազատության, ինտերնետում եւ օֆլայն տեղեկատվության հասանելիության հարցերում»,-ասվում է փաստաթղթում։