«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կեղծ լուրերի հեղինակ Ալիևը միջազգային հանրությանը և լրատվամիջոցներին մեղադրել է կեղծիք տարածելու համար

09/11/2020

BBC-ի լրագրող Օրլա Գերինի հետ հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է Արցախի խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու մասին լուրերը: Նա դրանք «կեղծ» է համարել: Հեղինակավոր լրատվամիջոցի հաղորդավարը մեջբերել է իրենց լրագրողների վկայությունները, որ Ստեփանակերտը և մյուս խաղաղ բնակավայրերն անընդհատ ռմբակոծվել են կասետային արգելված զինատեսակներից և գերճշգրիտ հրթիռային համակարգերից ու ԱԹՍ-ներից: «Այս ամենը լսածով չէ, որ ներկայացնում ենք, այլ BBC-ի նկարահանածն է»՝ շեշտել է Գերինը: Դրան ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, թե կասկածում է այդ ամենի իսկությանը, և մեղադրել է BBC-ին ու մյուս լրատվամիջոցներին կողմնակալության համար, նաև պնդել, որ լուրերը կեղծ են: «Այսինքն՝ այս բոլոր հոդվածները կե՞ղծ են»,- հարցրել է Գերինը: «Ես այդ վկայություններին և հոդվածներին չեմ հավատում»,- պատասխանել է Ալիևը: 

 

Հաղորդավարն անդրադարձել է նաև Human Right Watch և այլ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների վկայություններին և հետազոտություններին, որոնք նույնպես հաստատել են Ստեփանակերտում և այլ բնակավայրերում կասետային զինատեսակների կիրառումը: «Ինչո՞ւ եք դուք նման զինատեսակներ կիրառում խաղաղ բնակչությամբ խիտ բնակեցված վայրերում»,- հարցրել է լրագրողը: «Այդ ամենը կեղծիք է»,- հայտարարել է Ալիևը: «Այսինքն՝ բոլոր վկայությունները կե՞ղծ են»,- փորձել է ճշտել Գերինը, «Իհարկե: Ինչո՞ւ՝ ոչ»՝ պատասխանել է Ալիևը: 

Լրագրողն անդրադարձել է Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի հրթիռակոծությանը: «Արդյոք հնարավո՞ր է, որ ձեր զինված ուժերը երկու անգամ սխալվեին և հարվածեին միևնույն եկեղեցուն»,- հարցրել է Օրլա Գերինը: «Այնտեղ չկան ռազմական օբյեկտներ, դա կարող էր լինել կա՛մ մեր սխալը, կա՛մ հայկական կողմի նախաձեռնությունը»,- հայտարարել է Ալիևը: 

 1Lurer.am