«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղարաբաղում այժմ ռեալ հարցեր որոշողը գեներալ Մուրադովն է․ ստիպված ենք հարմարվել այն ամենին, ինչ մեզ մատուցում է Մոսկվան

12/01/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն  է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

– Պարոն Քեռյան, օրերս Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով, շատերի պնդմամբ, այսօր Արցախի դե  ֆակտո ղեկավարն է, հայտարարել է, որ Արցախը եռակողմ համաձայնագիրը չի ստորագրել։ Ի՞նչ է, Ձեր կարծիքով, ենթադրում այս հայտարարությունը, ի՞նչ քայլեր են հնարավոր Արցախի կողմից։

– Առայժմ ռեալ քաղաքական որոշումները Ռուսաստանի միջնորդական ջանքերով ընդունված որոշումներն են, որովհետև այս պահին պարտությունից հետո մենք չունենք անվտանգային լուրջ երաշխիքներ։ Ու, բնականաբար, մենք ստիպված ենք հարմարվել այն ամենին, ինչ մեզ մատուցում է Մոսկվան։ Հայաստանն ու Արցախը այսօր դիտվում են որպես պարտված ու պարտության համաձայնագիրը ստորագրած կողմ։ Այս առումով նման հայտարարություններ անելը պարզապես անհասկանալի է։ Պետք է կամ այնպիսի տեղեկատվություն ունենալ, որին մենք չենք տիրապետում, կամ էլ դրանք քաղաքական քարոզչական բնույթի հայտարարություններ են։ Բնականաբար, առայժմ պետք է սպասել գործողությունների հետագա ընթացքին։

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Ղարաբաղը չի ստորագրել, բնականաբար Ղարաբաղը ստորագրման իրավական կողմ լինել չէր կարող, որովհետև նախորդ ամբողջ բանակցային գործընթացում այն չի դիտվել որպես առանձին պետական վարչական միավոր։ Եվ եթե այսօր Ղարաբաղի իշխանությունները հայտարարեն, որ իրենք չեն ստորագրել ու չեն պատրաստվում իրականացնել համաձայնագրի կետերը, նշանակում է, որ կա՛մ ինչ-որ լուրջ երաշխիքներ ունեն, կամ էլ պարզապես ռուսական կողմի արձագանքն են փորձում։ Իմ կարծիքով՝ Ղարաբաղում այժմ ռեալ հարցեր որոշողը գեներալ Մուրադովն է։ Ով կփորձի արհամարհել կամ չկատարել Մուրադովի հրահանգները կամ խոչընդոտել ռուս խաղաղապահների գործողությանը՝ լինի դա Հայաստան, Ղարաբաղ, թե Ադրբեջան, կբերի իրավիճակի սրման ու նոր ուժային կոնֆիգուրացիայի, որը պարզ չէ, թե ում օգտին կարող է լինել։

– Նկատի ունենալով Արցախում քաղաքական վերադասավորումները՝ հնարավոր համարո՞ւմ եք Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության խորացումը։

– Առայժմ ես չեմ էլ տեսնում այսպիսի լուրջ կապ ու կախվածություն։ Ըստ էության Ղարաբաղի իշխանություններն ավելի շատ իրենց անվտանգային խնդիրները լուծում են ռուսական զինվորական հրամանատարության հետ՝ հանձին Մուրադովի, քան Հայաստանի։ Հայաստանն ինքն է այժմ զբաղված իր սահմանային խնդիրների ամրապնդմամբ, որոնք շատ փխրուն են։ Հայաստանն այս պահին, այս վիճակով չի կարող լինել Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Եթե նախկին 26 տարիների ընթացքում մենք ասում էինք, որ Հայաստանն է չճանաչված Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը, հիմա մենք դա չենք կարող ասել։

– Ի՞նչ հիմքերով Հայաստանն առաջիկայում պետք է հարաբերվի Արցախի հետ. ճանաչո՞ւմ, թե՞ ռազմաքաղաքական  պայմանագրի կնքում։

– Ինձ թվում է՝ հիմա Հայաստան-Արցախ հարաբերությունների խնդիր ընդհանրապես դրված չէ։ Արցախի անկախության կամ ճանաչման հարց ևս չկա։ Դա կարող է ցույց տալ բանակցային գործընթացը։ Եթե Մինսկի խմբի շրջանակներում վերսկսվեն բանակցությունները, դրա հավանականությունը կարող է առաջանալ։ Եթե մենք հետևենք պաշտոնական Բաքվի հռետորաբանությանը, ապա Ալիևն ասում է, որ այլևս Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն անցել է  պատմության գիրկը։ Բնականաբար, այդ հիմնավորմամբ էլ նա ճանապարհեց Մինսկի խմբի համանախագահներին։ Բայց եթե Ադրբեջանը ստիպված լինի ընդունել, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, ապա հնարավոր է թե՛ ճանաչման և թե՛ չճանաչման հարցը առաջ քաշվի, նաև  կարգավիճակի այլ տեսակի հստակեցում։ Բացի անկախության ճանաչումից, միջանկյալ հազար ու մի տարբերակներ կան միջազգային իրավունքում, այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է։ Սկզբունքայինն այստեղ այն է, թե արդյոք Մինսկի խումբն ընդունո՞ւմ է Ադրբեջանի առաջ քաշած այն դրույթը, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, իսկ եթե չի ընդունում ու շարունակում է բանակցել, նշանակում է, որ այդ բանակցությունների արդյունքում այլ բան կարող է լինել, որը մենք հիմա չենք կարող կանխատեսել։