Աշխարհը չի կարողանա 2021 թվականին հասնել կորոնավիրուսի դեմ բնակչության կոլեկտիվ իմունիզացիայի․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը հայտարարել է, որ աշխարհն այս տարի չի կարողանա հասնել կորոնավիրուսի դեմ կոլելտիվ պատվաստումների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, մեկ տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ մարդկությունը կորոնավիրուսի դեմ կունենար ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի պատվաստանյութ:
Գիտնականը նշել է, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներ, բայց դա ժամանակ է պահանջում: Նա նաև հորդորել է չմոռանալ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մասին, որոնց պետք է հետևել առնվազն մինչև տարեվերջ:
«Մենք չենք կարողանա 2021 թվականին հասնել բնակչության կոլեկտիվ պատվաստման: Որոշ երկրներում անպաշտպան մարդիկ կմնան: Հետևաբար, միջոցները պետք է պահպանվեն, մինչ պատվաստումներն իրականացվում են մարդկանց առավել խոցելի խմբերի շրջանում, և մենք սկսում ենք հասնել բնակչության այլ շերտերին», – հավելել է Սվամինաթանը: