«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Կառնուտ գյուղի երկու տնտեսություններին

25/06/2021

Երեկ երեկոյան ուժեղ քամին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում վնասներ է հասցրել շինություններին։ Ամենաշատ վնասը կրել են Մանուկյանները։ Քամին պոկել է մեկ տարի առաջ կառուցված շինության տանիքը։ Քամու հետևանքով երկաթե ծանր կոնստրուկցիաներով կառուցված թիթեղյա ծածկն ամբողջությամբ պոկվել է, ուժեղ քամու հետևանքով պոկված տանիքը հայտնվել է հարևան տան բակում։

«Գիշերվա քամին շատ ուժեղ էր, մտել է կրիշ 3 տոննանոց էս երկաթները ջարդել է, սաղ պոկել լցրել է հարևանի հայաթը, սվարկեքի տեղերից է պոկվել, կզարմանամ, թե ինչղ է ըսքան երկաթը պոկել։ Մենք էլ երկաթներով էինք հավաքել, որ ձիգ էղնի ու անվնաս, բայց քամին լավ էլ պոկեց»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է Կառնուտի բնակիչ Արմեն Մանուկյանը։

Կառույցում, որը ծառայում է որպես պահեստ Մանուկյանների համար, պահում են ամբողջ տարվա գյուղմթերքն ու անասնակերը։ Հիմա շինությունը հայտնվել է բաց երկնքի տակ են։

Գյուղի տնտեսություններից մեկի տան կտուրն էլ մասնակի էր վնասվել, տանտերը հասցրել էր պոկված թիթեղների տեղերը այլ հարմարություններով փակել։

Քամու հասցրած վնասների մասին բնակիչներն արդեն դիմումներ են ներկայացրել համայնքի վարչական ղեկավարին։ Ախուրյան խոշորացված համայնքում քամու հասցրած վնասների մասին Ախուրյանի համայնքապետարանը  այլ ահազանգեր առայժմ չի ստացել։

«Կառնուտի վարչական ղեկավարը բնակիչների դիմումներն ընդունել է ու արդեն ներկայացրել  համայնքի ղեկավարին։ Ավագանու նիստ կանեն, վնասի գնահատում։ Մեզ մոտ քամիները մշտական են ու հաճախ են նման դեպքեր լինում, եղել է, որ համայնքը ինչ-որ աջակցություն տվել է, հիմա տեսնենք՝ ինչ կլինի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կառնուտ համայնքի վարչական կենտրոնի օպերատոր Հովհաննես Առաքելյանը։