«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համակողմանիորեն ձախողվել է մեր դիվանագիտությունը. Աշոտ Ներսիսյան

06/05/2024

ՀՀ Ազգային ժողովն, արդեն վաղուց հայտնի ճշմարտություն է, որ ամուլ և ամորֆ մարմին է: Նրա գոյությունն հիմնականում շարունակվում է «նախկիններն են մեղավոր» և «ներկաներն են մեղավոր» հայեցակետերի հիման վրա: Խոստովանենք, որ իրոք այս ամենն արդեն հոգնեցուցիչ է: Ոչ մի օրինագիծ չի անցնում, որը ներկայացնում է ընդդիմությունը և ցանկացած նախագիծ անցնում է, եթե ուզում է իշխող մեծամասնությունը: Արդյունքում` մնում է բանավեճն ու փոխադարձ վիրավորանքը: Այս ամենի հետնախորքի վրա անտեսվում են այն գլխավոր իրադարձությունները, որոնց դասերի ընկալման կարևորությունը անմիջականորեն առնչվում է մեր ազգային անվտանգության խնդիրներին: Դրանք են.

1. Իրադարձություններն Ուկրաինայում, որոնք մոտենում են իրենց տրամաբանական ավարտին, այսինքն` ռուսների հաղթանակին, որն արդեն խոստովանում են տեղի ռազմական առաջնորդները: ԱՄՆ հատկացրած վերջին օգնությունն ընդամենը կարող է մի կարճ ժամանակ երկարացնել դիմադրությունը, բայց Ուկրաինան կործանվում է: ՆԱՏՕ-ն նրա համար չի կռվի, ԵՄ-ն նրան իր անդամը չի դարձնի, որը նշանակում է, որ Զելենսկին այդ բարգավաճ երկրին տարավ ինքնակործանման: Հարց կարող է առաջանալ, թե Ռուսաստանն ինչու՞ պետք է հարձակվեր Ուկրաինայի վրա: Իրոք հարցը տեղին է, բայց արդյո՞ք ռուսները պետք է հանդուրժեին Ուկրաինայում Արևմուտքի գործունեությունը, որը նպատակաուղղված էր Ռուսաստանի քայքայմանը: Պատասխանը հասկանալի է: Իսկ մենք քաղաքական սիրախաղեր ենք անում կործանվող երկրի հետ, ավելի խորացնելով թշնամանքը ռուսների: Քաղաքականության և դիվանագիտության այբն ու բենը իրար հետ շփոթողները հոխորտանքի խոսքեր են ուղղում միջուկային գերտերությանը, որի համար վայրկյանների բան ենք: Արևմուտքի քարոզչական աղբը գիշեր-ցերեկ մեր գլխին թափողները, հայտնի է, թե ինչի դիմաց, վաղը կուրանան իրենց վարչապետին էլ, եթե պահն հարմար գտնեն, ամբողջությամբ փոխելով քաղաքական «հակումները»: Չէ՞ որ, բացառությամբ որոշ նորելուկների, շատերն այդ օրինակն արդեն տվել են:

2. Իրադարձությունները Վրաստանում, մի երկրում, որը Արևմուտքի գործակալ Սահակաշվիլու գլխավորությամբ դարձյալ գնում էր ինքնակործանման, բայց Աբխազիան և Հյուսիսային Օսեթիան կորցնելու ցավն զգալով, արդեն այսօր վարում է իրատեսական քաղաքականություն, ճկուն խաղալով նույն Արևմուտքի հետ որի խայծերն արդեն դադարել է կուլ տալ և չհակադրվելով ռուսներին: Հակառակ դեպքում նա էլ կկործանվեր:

3. Ադրբեջանի գործելաոճը, որը ռուսներին չի հակադրվում, Արևմուտքը նրան չի կպնում` նավթագազային շահերով պայմանավորված, որը օգնեց Արցախը նրան տալու հարցում, բայց վերջինս դրան հասնելով հանդերձ, այժմ շատ լավ հարաբերությունների մեջ է ռուսների հետ: Այն հարցը, թե ինչու՞ ռուսները չխոչընդոտեցին Արցախի հանձնումը, արդեն մաշված է հնչում: Այն երբեք չէր լինի, եթե հայկական կողմը չշեղվեր նոյեմբերյան համաձայնագրից: Կարող է որևէ մեկը պնդել,թե մենք ի՞նչ ենք ցայսօր գործնականում շահել Արևմուտքից: Դժվար թե մի բան գտնի:

4. Ընդհանուր առմամբ Ուկրաինան և Հարավային Կովկասը Արևմուտքի համար արդեն կորած և կորչող տարածքներն են: Նա վերջին ձիգերն է ի գործ դնում, որ գեթ Հայաստանին հակառուս պահի և հասնի նրան, որ գեթ ռուսների փոխարեն մեզ գցի ադրբեջանաթուրքական աքցանի մեջ: Դրա համար աքցանի մեջ է դրել մեր իշխանություններին: Այսպիսով մեզ մենք նորից մղում ենք ինքնասպանության, որը չի ուզենա Ռուսաստանը, բայց չի էլ գտնում այն պահը, որ միջամտի: Տարածաշրջանից նա դուրս չի մղվի, բայց հակառուսականության համար մեզ կպատժի: Թեպետ դրա կարիքն այլևս չկա, քանի որ ինքներս ենք մեզ պատժում` Արևմուտքին ապավինելով ուղղակիորեն ճզմվելով թուրք-ադրբեջանական տանդեմից:

Իսկ խորհրդարանում և Տավուշում իրար դեմ ենք կռվում` թաթարներին քշելու փոխարեն: Էլ ուրիշ բան չի մնում ապավինելուց բացի պարզունակ այն խոսքին, թե «հույս ունենալը լավ բան է»: