«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊՆ-ն՝ Դավիթ Տոնոյանի՝ Բուլղարիայում գործող ռազմամթերքի գործարանում բաժնետեր լինելու և Պատրոն Դավիթի ընկերությանը գումար փոխանցելու լուրերի մասին

23/11/2020

աշտպանության նախարարության և արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին ArmDaily.am-ը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն։

Վարդան Ղուկասյանի (Դոգ) հրապարակած հայտնի փաստաթղթերից հետո ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնեց. [...] «Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են»: Փաստաթղթերում առկա տեղեկատվության ո՞ր մասն էր ճիշտ։

Հրապարակված փաստաթղթերից պաշտպանության նախարարության կողմից 3.5 մլն դոլարի փոխառության պայմանագրի փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, սակայն մեկնաբանվել է խեղաթյուրված։ Այնուհետև «Մոսսթոն Էնջինիիրինգ» ընկերության կողմից հարցման տեղեկանքները ներկայացվել են որպես իրականացված գործարքի փաստաթղթեր և դրա հիման վրա կառուցվել է շրջանառվող ապատեղեկատվությունը։ Այսինքն մի փաստաթղթի հիման վրա մյուս տեղեկանքները հարմարեցվել են՝ առաջ քաշված կեղծ պնդումները հիմնավորելու համար։

Պաշտպանության նախարարությունը Դավիթ Տոնոյանի՝ նախարար նշանակվելուց հետո քանի՞ ընկերության միջոցով է նախարարության կարիքների համար սպառազինություն ձեռք բերել և որո՞նք են այդ ընկերությունները։ Խնդրում ենք տրամադրել նաեւ Դավիթ Գալստյանի ընկերությունների հետ կնքված պայմանագրերի պատճենները կամ տեղեկություններ դրանց մասին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր՝ 11.05.2018թ.-ից մինչ այսօր, ձեռք է բերել սպառազինություն շուրջ 60 ընկերություններից, որոնց հետ կնքված պայմանագրերը կրում են գաղտնի բնույթ և հրապարակման ենթակա չեն։
Միաժամանակ հարկ է նշել, որ ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերությունների կողմից ստացվել են տարբեր սպառազինության միջոցների մատակարարման վերաբերյալ առաջարկություններ։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արվել է հնարավորինս առաջարկություններով հանդես եկած կազմակերպություններից ամենասեղմ ժամկետում անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման ուղղությամբ, սակայն առաջարկություններ ներկայացրած կազմակերպությունների մեծամասնության հետ պայմանագրի կնքման փուլին հնարավոր չի եղել հասնել՝ վերջիններիս կողմից համապատասխան փաստաթղթով նախատեսված իրավունքների և պարտականությունների ստանձնումից խուսափելու (պայմանագրի կնքմանը չներկայանալու) պատճառով, ինչը անհասկանալի է դարձնում նման առաջարկներով հանդես գալու նպատակը։

Արդյոք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մտերիմ ընկերնե՞ր են։

Պաշտպանական գերատեսչությունը լիազորված չէ տեղեկատվություն տրամադրելու պաշտպանության նախարարի անձնական հարաբերությունների և ընկերական կապերի մասին։

Որտե՞ղ է գտնվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սթ. սեպտեմբերի 27-ին, երբ առավոտյան սկսվեց թուրք-ադրբեջանական հարձակումը Արցախի սահմանի ողջ երկայնքով։

Պաշտպանության նախարարը պատերազմի մեկնարկին գտնվել է «Կովկաս-2020» զորավարժությունների անցկացման վայրում։ Ռազմական գործողությունների մասին լուրն իմանալուն պես փորձել է հնարավոր ամենաարագ ճանապարհով վերադառնալ Հայաստան։

Ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ նախարարը Հայաստան է վերադարձել սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի սկսման 3-րդ օրը։

Պաշտպանության նախարարը Հայաստան է վերադարձել Ձեր նշած ժամկետից ավելի վաղ և արդեն սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ, ինչը տեղ է գտել լրահոսում։

Ճի՞շտ է տեղեկությունը, որ Դավիթ Տոնոյանը Դավիթ Գալստյանի հետ միասին սեփականատեր է Բուլղարիայում գործող ռազմամթերք արտադրող գործարանում։ Մեր տեղեկություններով գործարանը գտնվում է Պլովդիվ քաղաքում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Բուլղարիայում գտնվող ռազմամթերք արտադրող գործարանի սեփականատեր կամ համասեփականատեր լինելու վերաբերյալ Ձեր ունեցած տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։