«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտահանող. Տրանսպորտային կոլապսի պատճառով հայ արտահանողները կարող են կորցնել Ռուսաստանի սպառման շուկաները

02/06/2022

Ապրիլից Վրաստանի տարածքում ստեղծված տրանսպորտային կոլապսի պատճառով Հայաստանում, փաստորեն, պարապուրդի է մաընված ալկոհոլային արտադրանքի արտադրության ավելի քան 35 գործարան։ Պատճառն այն է, որ անհնար է Ռուսաստանից համալրումներ ներմուծել, եւ, համապատասխանաբար, անհնար է այնտեղ արտահանել պատրաստի արտադրանքը:

Կառավարության շենքի մոտ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել "Վան 777" գինու-կոնյակի գործարանի (Արարատի մարզ) առեւտրային տնօրեն Մարինա Առաքելյանը, ով հանդես է եկել արտահանողների ակցիայի անցկացման նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ Հայաստանի արտահանմանը կողմնորոշված ձեռնարկություններն այսօր ապրում են ծանրագույն ճգնաժամ՝ կոլապս։

Առաքելյանը հաղորդել է, որ այսօրվա դրությամբ շրջանցիկ ճանապարհին, սկսած Սադախլո անցակետից մինչև Կազբեկ, կանգանծ է ավելի քան 3 հազար խոշոր բեռնատար՝ հայկական, ռուսական և բելառուսական համարանիշերով, որոնց թույլ չեն տալիս մուտք գործել ռուս-վրացական "Վերին Լարս" հսկիչ անցակետ: Ավելին, նրա ասելով, շատ-շատերին՝ հայկական և ռուսական համարանիշներով, հետ են ուղարկում։ "Առանց պատճառները բացատրելու մեր արտադրանքով բեռնված երկու մեքենաներ հետ են վերադարձրել, մեկը ՝ Սադախլոյից, իսկ երկրորդը՝ Կազբեկի կետից", - հաղորդել է գործարարը:

Նա վրդովմունքով ընդգծել է, որ վրացական տրանսպորտային իշխանությունները չեն ցանկանում կապի դուրս գալ, իսկ մաքսատան աշխատակիցները հրաժարվում են որեւէ բացատրությունից: "Ես փորձել եմ խոսել Վրաստանի մաքսային ծառայության պետի տեղակալի, հերթափոխերիի պետերի հետ։ Նրանք, պարզապես, ասում են, որ ոչինչ անել չեն կարող։ Մենք գրել ենք նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդին։ Բայց ապրիլի 8-ից այդ հարցը մինչ օրս լուծված չէ։ Ոչ ոք ոչինչ չի կարող պատասխանել", - պատմել է Առաքելյանը։

Մասնագետը նշել է, որ ստեղծված տրանսպորտային կոլապսի պատճառով հայ արտադրողները կարող են կորցնել իրենց սպառման շուկաները: Այդ համատեքստում նա հաղորդել է, որ հայկական արտադրողները վճարում են առևտրային ցանցերի դարակներում իրենց ապրանքի առկայության դիմաց, իսկ մատակարարումների ուշացման համար ենթարկվում են տուգանային պատժամիջոցների։ "Հարցն այն է, թե ով է փոխհատուցելու այդ տուգանքները",- հարց է տվել Առաքելյանը։

Ընդ որում, Առաքելյանը ընդգծել է, որ նման ելքը ձեռնտու է այլ երկրների արտահանողներին, քանի որ նրանք կարող են զբաղեցնել Հայաստանի արտադրողների "թափուր" դարակները, ինչի արդյունքում հայկական ալկոհոլային եւ այլ արտադրանքը կարող է, պարզապես, արտաքսվել ռուսական շուկայից:

Այդ ամենից զատ, կոլապսի պատճառով հայ արտահանողները բախվել են նոր լոգիստիկ դժվարությունների։ Տրանսպորտի բացակայության պատճառով փոխադրման գներն աճել են ավելի քան երկու անգամ։ Եթե անցյալ տարի այս շրջանում ֆուրը կարելի էր Ռուսաստան ուղարկել, միջին հաշվով, 1.7 հազար դոլարով, ապա այս տարի, նրա ասելով, սակագները բարձրացել են մինչև 4 -4.5 հազար դոլար:

Մասնագետը նշել է, որ արտահանողները բազմիցս գրավոր դիմել են Հայաստանի վարչապետին՝ խնդրելով անձամբ աջակցել իրավիճակի հանգուցալուծմանը, սակայն մինչ օրս արձագանք չի եղել: Մասնավորապես, Առաքելյանն ընդգծել է, որ վերջին նամակը կառավարության ղեկավարին ուղարկվել է 2 օր առաջ:

Պատկան մարմինների կողմից որևէ պատասխանի բացակայության պատճառով Մարինա Առաքելյանը նախաձեռնել է ակցիա կառավարության շենքի մոտ, որին միացել են մի քանի տասնյակ արտահանողներ։ "Իշխանություններից պահանջը մեկն է. հրատապ կարգով լուծել խնդիրը, հայկական մեքենաներին տալ նույնպիսի կանաչ ճանապարհ, ինչպես՝ վրացական կամ թուրքական մեքենաներին։ Կառավարությունը պետք է հասկանա, որ ռուսական շուկայի նկատմամբ այլընտրանք Հայաստանը չունի, դա մեզ համար թիվ մեկ շուկան է", - եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ տարբեր գնահատականներով, Վրաստանի տարածքում Ռուսաստան մուտքի են սպասում մինչեւ 3 հազար խոշոր բեռնատարներ Հայաստանից, Վրաստանից եւ Թուրքիայից: Ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով հայտնել է, որ աշխատանքներ են տարվում հայկական բեռնատարներ համար առանձին միջանցք ստեղծելու ուղղությամբ: Բացի այդ, վերջերս նախարարությունը հայտարարել էր այս տարվա հունիսին լաստանավային հաղորդակցության մեկնարկի մասին, որը Հայաստանի երկաթուղային համակարգը կկապի Եվրասիական միության հետ:

Մայիսի 30-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում "Վերին Լարս" անցակետում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշել է, որ մեքենաների կուտակումը պայմանավորված է անցակետերի թողունակության սահմանափակ հնարավորություններով: Նա պարզաբանել է, որ Թուրքիայից Ռուսաստան ապրանքահոսքի էական ավելացման պատճառով "Վերին Լարսը" չի դիմանում ծանրաբեռնվածությանը: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բոլոր երկրների մեքենաները, բացառությամբ Հայաստանի, Վրաստանից կարող են Ռուսաստանի ուղղությամբ մեկնել ադրբեջանական "Կարմիր կամուրջով"՝ Դաղստան: Սակայն Կարմիր կամրջի վրա էլ ֆուռերի կուտակումներ են նկատվում, ինչը խոսում է նաև ադրբեջանական խցանված ճանապարհների մասին ։ "Մի խոսքով, հոսքերը չափազանց մեծ են եւ դեռ ավելանալու են", - ասել է Թանանյանը, նշելով, որ հոսքերի ամենամեծ ինտենսիվությունը պետք է ակնկալել հունիսի 1-ից՝ տուրիստական սեզոնի սկսվելուառնչությամբ:

Բացի այդ, ավտոմոբիլային հաղորդակցության ծանրաբեռնվածության վրա որոշակի դեր է խաղացել մի շարք ընկերությունների կողմից լաստանավային փոխադրումների դադարեցումը՝ կապված Սեւ ծովում տիրող իրավիճակի հետ (ռուս-ուկրաինական հակամարտություն, որի կապակցությամբ ծովում հայտնաբերվում են ականներ - խմբ.):

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի արտահանման թիվ 1 գործընկերն է, որին բաժին է ընկնում հայկական արտահանման ավելի քան 28%- ը (2021թ. վերջի դրությամբ - խմբ.)։ Հարկ է նշել, որ Ռուսաստան է առաքվում Հայաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի և գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 80%-ը,  գրում է Finport.am-ը։