«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտամետի ծիրանի ինտենսիվ այգու վրա շուրջ 500 մլն դրամի ներդրում է արվել. այն իր բերքատվության ծավալներով առաջինը կդառնա

31/03/2021

Պատերազմի օրերին Արմավիրի մարզի Արտամետ համայնքում հիմնվել է ծիրանի մեծ ինտենսիվ այգի, որն իր բերքատվության ծավալներով առաջինը կդառնա հանրապետությունում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 24-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ այգին հիմնվել է Կառավարության համաֆինանսավորմամբ: Այգու տարածքը 20 հեկտար է, կատարվել է շուրջ 500 մլն դրամի ներդրում։ Այգու ծավալները նախատեսված է ավելացնել 4 անգամ։

ՀԺ-ն տեղեկացավ, որ այգին հիմնել է «Մոդերն» ՍՊ ընկերությունը: Ընկերության համասեփականատերերից մեկը Կարեն Բաղդասարյանն է, որը հանդիսանում է նաեւ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար:

Նրա հետ զրույցը՝ ստորեւ.

Պարո՛ն Բաղդասարյան, ե՞րբ եք որոշել այգին հիմնել եւ ինչո՞ւ:

- Մի քանի տարի պլանավորեցինք եւ անցյալ տարի՝ պատերազմի օրերին դիմեցինք «Ակբա» բանկին՝ գործը սկսելու համար: Ընկերներիս հետ մշակել եմ շալախ տեսակի ծիրանի ինտենսիվ տարբերակը, ընդ որում, այնպիսի տարբերակ, որը հիմա Եվրոպայում շատ քչերն են օգտագործում: Ինտենսիվ այգիները միայն ծառերի քանակով չէ պայմանավորված, այլ նաեւ, թե ինչ դիզայն է այդ ծառերին տրվում: Հիմա մենք որպես դիզայն ընտրել ենք այս սիստեմը եւ նման սիստեմով Հայաստանում ոչ մի այգի չկա: Դա թույլ է տալիս չափազանց մեծ խտությամբ տնկել ծառերը. մի հեկտարի մեջ մինչեւ 2000 հատ ծիրանի ծառ ենք կարողանում տնկել, իսկ ավանդական այգիների դեպքում 120 ծառ են տնկում: Արդյունքում՝ մենք ունենում ենք 1 ծառի վրա համեմատաբար ավելի քիչ ծանրաբեռնվածություն, բայց այդ ինտենսիվության շնորհիվ ունենում ենք շատ մեծ բերքատվություն 1 հեկտարից: Դրա համար 1 հեկտարից բերքատվությունը կարող է հասնել 50 տոննայի: Մենք բերում ենք որոշակի ստաբիլություն՝ պլանավորում ենք, թե ամեն մի հատիկ ծառը ինչ բերքատվությամբ լինի՝ իր ճյուղերի քանակով, շատ արագ բերքատվության տակ մտցնելով: Օրինակ՝ ավանդական այգին 12-րդ տարվա ընթացքում է իր հիմնական բերքատվության տակ մտնում: Կարող է մի ծառը այդպես մինչեւ 150-200 կգ բերք տալ, բայց այդ ծառը ահռելի մեծ տարածք է զբաղեցնում եւ դրա տված բերքը մի քանի անգամ են քաղում:

Մեր ընտրած սիստեմով ծառն անընդհատ արեւի լույսի տակ է, իր բոլոր ճյուղերը հավասարաչափ արեւի տակ են ու հավասարաչափ էլ բերք կտան: Դրանից ելնելով՝ արդեն պլանավորում ենք, թե քանի տարեկան ճյուղ ունենա այդ ծառը, այդ ճյուղի վրա քանի հատ ծիրան լինի, ինչ մեծությամբ լինի եւ ամենակարեւորը, որ մի քաղով կարողանանք ամբողջը քաղել: Դա թույլ է տալիս կառավարել ինքնարժեքը: Արդեն մենք մոտենում ենք այն ինքնարժեքին, երբ հանգիստ կարողանում ենք  դրսում մրցունակ դառնալ, ինչը մեր ամենամեծ խնդիրն է: Մեր հայկական ծիրանը լավ բրենդ է, լավ շուկա ունի, բայց կա գնային սանդղակ. երբ մեր մրցակից երկրների՝ Ուզբեկստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Դաղստանի ծիրանը շատ է լինում՝ նրանք կարողանում են դեմպինգ անել, էժան վաճառել ու մեր հայկական ծիրանը վաճառքի խնդիր է ունենում, օրինակ՝  Ռուսաստանում: Որպեսզի այդ խնդիրները չլինեն,  պետք է կարողանանք գինը էժան դնել եւ վաճառել մեր մեծ քանակների հաշվարկով:

Ի՞նչ չափի է այգին, որքա՞ն ներդրում եք իրականացրել եւ քանի՞ աշխատակից ունեք:

- Մեր ընկերությունն այս պահին 80 հեկտար հող ունի: Այս պահին 20 հեկտարի վրա արդեն կառուցել ենք ինտենսիվ մասը, եւս 20 հեկտար շարունակում ենք տնկել, 40 հեկտար էլ կշարունակենք: Իր արտադրողականությամբ սա ամենամեծ ծավալն է: Նման այգու 1 հեկտարի դիմաց պահանջվում է մոտ 25 մլն դրամ ներդրում: Մենք վարկային եւ սեփական միջոցներ ենք դրել: Օգտվել ենք նաեւ ինտենսիվ այգիների պետական սուբսիդավորման ծրագրից, երբ բանկի տոկոսը սուբսիդավորում է պետությունը:

Մինչեւ ապրիլ ամսվա վերջ կունենանք 8 աշխատակից, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսված է ունենալ 25 աշխատակից:

Պետությունն այլ աջակցություն ցուցաբերե՞լ է դրանից բացի:

- Այլ աջակցություն չի եղել: Մենք շատ կուզեինք, որ նաեւ այգիների ստեղծման ենթակառուցվածքները ֆինանսավորվեին կամ համաֆինանսավորեին, դա շատ մեծ խթանող գործոն կլիներ: Խոսքը ջրային ենթակառուցվածքների, հոսանքի ենթակառուցվածքների մասին է: Օրինակ 1 հեկտարի համար անհրաժեշտ է 1000 խմ ջրային պաշար: Ինտենսիվ այգին առանց ջրավազան չի կարող լինել: Այսինքն, եթե 20 հեկտար ես հիմնադրում պետք է ունենաս 20 հազար խմ ջրավազան: 1000 խմ ջրավազի վրա ծախսվում է մոտ 2 մլն դրամ, այսինքն մոտ 40 մլն դրամ պետք է ծախսել 20 հեկտարի վրա ջրավազան կառուցելու համար: Դա շատ մեծ գումար է:

Նշեցիք, որ 1 հեկտար ծիրանի ինտենսիվ այգի հիմնելու համար 25 մլն դրամ ներդրում է պահանջվում, այդ նույն 1 հեկտարից ստացվող եկամուտը որքա՞ն է կազմում:

- Մոտավորապես 5-րդ տարուց 1 հեկտարից 50 տոննա բերք կստացվի: Պետք է  ծիրանի միջին մթերման գինը հաշվարկել՝ 1 կգ-ն 300-350 դրամ եւ բազմապատկել ծավալով (15-17.5 մլն. դրամ): Ինտենսիվ այգեգործության գումարի հետվերադարձելիությունը 6-8 տարում է լինում: Որքան շատ ներդրում է արվում, այնքան հետվերադարձելիությունից հետո եկամուտը մեծ է լինում:

Միայն ծիրանի՞ այգի եք հիմնել:

- Իմ մյուս աշխատանքում՝ «Սպայկա» ընկերությունում մի շատ հետաքրքիր պրոդուկտ ենք մշակել, որ «Սպայկա» ընկերությունը հենց ինքը ծառայություն է մատուցում, որպեսզի այգիներ հիմնադրի: Օրինակ՝ «Մոդերն» այգու հայտն էլ է եղել «Սպայկա» ընկերությանը որպես կապալառու: Այսինքն՝ «Սպայկա»-ն ինտենսիվ այգին կառուցում է եւ հանձնում պատվիրատուին:

- «Մոդերն» այգուց ստացված բերքը արտահանմա՞ն համար է:

- Այո՛, բնականաբար այդ ծավալի արտադրությունը նախատեսված է արտաքին շուկաների համար, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի համար: Այդ նույն այգին նաեւ ստանում է եվրոպական սերտիֆիկատ, կարող է արտահանել Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: Այսինքն՝ բոլոր երկրներում, որտեղ հայկական ծիրանը հասանելի կլինի՝ կարող ենք արտահանել: Ես ձեզ իմ փորձից ելնելով նաեւ ասեմ, որ ե՛ւ խաղող, ե՛ւ կեռաս, ե՛ւ սալոր, ե՛ւ տանձ, տարբեր ծրագրեր կան, որոնք կարող են Հայաստանում հաջողություն ունենալ:

Որպես ոլորտում երկար տարիներ աշխատող մարդ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն գյուղատնտեսներին, որոնք սովորական այգեգործությամբ են զբաղվում եւ այդքան էլ բարձր եկամուտ չեն ստանում:

- Արտաքին շուկայում պետք է ապահովել մասշտաբի էֆեկտ: Փոքր տնտեսություններն այդ մասշտաբի մեջ չեն կարող տեղավորվել, որովհետեւ իրենց գործառնական ծախսերը շատ ավելին են եւ իրենք դառնում են ոչ մրցունակ դրսի շուկաների համար: Հիմա փոքր հողակտոր ունեցող մարդիկ բնականաբար չեն կարող այն ինքնարժեքն ունենալ, ինչ մեծ հողակտորի վրա ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող մարդիկ: Փոքրերին խորհուրդ եմ տալիս զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ կամ իրենց վաճառքի հարցերը կոորդինացնել խոշոր արտահանողների հետ: Այսօր կան ընկերություններ, որոնք կազմակերպել են արտահանման ամբողջ այդ շղթան, որպեսզի փոքր արտադրողը միայն մտածի որակյալ արտադրանք ստանալու մասին:
https://www.armtimes.com/